Փոխքաղաքապետը պարզաբանել է մարզերից Երևան եկող մեքենաների ծրագիրը – armeniatoday.am

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել է իր հարցազրույցից հետո տարածված այն մեկնաբանությունները, թե քաղաքապետարանը նախատեսում է արգելել մարզերից ժամանող տրանսպորտի մուտքը Երևան։

Նա ընդգծել է, որ արգելքի մասին հայտարարություն չի արել, իսկ քննարկվող ծրագիրը քաղաքապետարանի երկարաժամկետ ռազմավարական նպատակներից է։

«Կա թյուրըմբռնում, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան։ Նման պնդում չեմ արել»,- գրել է Գրիգորյանը՝ անդրադառնալով Factor TV-ին տված հարցազրույցից հետո տարածված մեկնաբանություններին։

Փոխքաղաքապետը նշել է, որ հարցազրույցում խոսել է Երևանի երթևեկության խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին։

«Երևանի քաղաքապետարանի ռազմավարական նպատակներից մեկն է ստեղծել հնարավորություն, որպեսզի Երևան ժամանող մեր հայրենակիցները քաղաքի մուտքերի մոտ կառուցված ավտոկայանատեղիներում թողնեն իրենց մեքենաներն ու մայրաքաղաքում տեղաշարժվեն հանրային տրանսպորտով»,- պարզաբանել է Գրիգորյանը։

Նա շեշտել է, որ խոսքը «ոչ թե վաղվանից ներդրվող համակարգի, այլ ռազմավարական նպատակի մասին է, որին պետք է փուլ առ փուլ հասնել»։

Ավելի վաղ՝ Factor TV-ի հետ հարցազրույցում, փոխքաղաքապետը պարզաբանել էր, որ գաղափարը կապված է մարզերից և այլ քաղաքներից Երևան մուտք գործող ավտոմեքենաների հոսքը կարգավորելու անհրաժեշտության հետ։

«Պետք է մենք գնանք նրան, որ մարդիկ գան որոշակի կետում իրենց ավտոմեքենաները թողնեն։ Այսինքն՝ պետք է լինեն ավտոկայանատեղիներ՝ քաղաքի մուտքերի մոտ, որից հետո արդեն հանրային տրանսպորտով երթևեկեն»,- ասել էր Գրիգորյանը։

Նա նաև ընդգծել էր, որ թե՛ ավտոկայանատեղիների կառուցումը, թե՛ հանրային տրանսպորտի համալրումը ժամանակ են պահանջում։ 

Հոկտեմբերի 12-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը առաջարկել էր փուլ առ փուլ ընդլայնել ավտոբուսային գծերի ցանցը և հայտնել էր նոր ավտոբուսներ ձեռք բերելու ծրագրի մասին։ Նա նշել էր, որ պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի։

Կարդացեք նաև՝ 

Մինչև 2030-ը պիկ ժամերին ավտոբուսով երթևեկությունը պետք է 30%-ով արագանա․ Ավինյան

Leave a Comment