Հայաստանը խնդիր չունի հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն կառավարման հետ, Հայաստանը պարզապես ցանկանում է իր երկաթուղին դարձնել մրցունակ. Փաշինյան

Հայաստանը խնդիր չունի հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն կառավարման հետ, Հայաստանը պարզապես ցանկանում է իր երկաթուղին դարձնել մրցունակ:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսական երկաթուղիների նախագահը Հայաստան էր ժամանել իմ հրավերով, և ես իմ բացման խոսքում ասել եմ, որ մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ, ուղղակի մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին լինի մրցունակ: Այս նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելն է, այսինքն՝ երրորդ երկրներին պատվիրակելը»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, եթե Ռուսաստանի գործընկերներն ասում են, որ իրենք գիտեն՝ ինչպես լուծել այդ հարցը, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է առաջարկների քննարկմանը:

«Երեկ քննարկման արդյունքում ես ասել եմ շատ լավ, եկեք, ուրեմն, ձևավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ո՞նց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ, մանավանդ, որ զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում: Իրենք ասում են, որ պատժամիջոցները դրան չեն խանգարում»,- նշել է վարչապետը:

 

 

Leave a Comment