Արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր կանոնները բողոքի ալիք են բարձրացրել։ Հիջաբ կրող աշակերտուհիներին թույլ չեն տվել դպրոց մտնել։ Նոր կանոնների շուրջ աղմուկն արդեն դուրս է եկել դպրոցների սահմաններից և դարձել հասարակական դժգոհության և տարաձայնությունների առիթ։
Ադրբեջանի կառավարության որոշմամբ՝ պետական դպրոցներում աշակերտական համազգեստի նոր կանոններ են սահմանվել։ Իշխանությունները դա հիմնավորում են աշխարհիկ կրթության սկզբունքով և միասնական համազգեստի պահպանման անհրաժեշտությամբ։ Թեև որոշման մեջ հիջաբի արգելքի մասին ուղղակիորեն նշված չէ, որոշ դպրոցներում հիջաբ կրող աշակերտուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին, իսկ ուսուցիչներից պահանջել են հանել գլխաշորը։
Բաքվում և երկրի այլ բնակավայրերում աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ են հավաքվել դպրոցների մոտ, որոշ դպրոցներում դասերը բոյկոտել են։ Սոցիալական ցանցերում տարածվում են տեսանյութեր ու գրառումներ՝ «Ազատություն հիջաբին» կարգախոսով։ Բողոքողների պահանջը մեկն է՝ հագուստի պատճառով երեխաներին չզրկել կրթություն ստանալու, իսկ ուսուցիչներին՝ աշխատելու հնարավորությունից։ Ուսուցչուհի Զահրա Հասանովան սոցիալական հարթակներում գրել է իր մտահոգությունների մասին․
«Ինձ կանչել են դպրոց և ասել, որ հիջաբով այլևս չեմ կարող աշխատել ուսուցչուհի։ Մենք գիտենք, որ պաշտոնական որոշում չկա, բայց այս պրակտիկան կիրառվում է։ Անկեղծ ասած՝ մի փոքր հուզված եմ։ Ինձ ցավ է պատճառել այս ամենը։ Հիջաբ կրելը անձնական ընտրություն է, և եթե մի օր որոշեմ այն հանել, դա էլ պետք է իմ որոշումը լինի»։
Բաքվում ավելի բուռն են արձագանքել աշակերտները։ Համացանցում տարածված տեսագրություններում երևում է, որ նրանցից շատերը լաց են լինում, բղավում և պահանջում իրենց թույլ տալ դպրոց հաճախել․
«Ես էլ եմ երեխա, ես էլ եմ ուզում սովորել և ունեմ դրա իրավունքը, իսկ ինձ թույլ չեն տալիս դպրոց մտնել»։
Բողոքի ալիքը արդեն ոչ միայն կրթական, այլև քաղաքական հարցեր է առաջ բերել։ Ադրբեջանի ՆԳՆ հաղորդմամբ՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ դպրոցների շուրջ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ 37 մարդ է ձերբակալվել։ Իշխանությունները հայտարարել են, որ որոշ մասնակիցներ խոչընդոտել են դպրոցների աշխատանքը։
Բողոքի ակցիաներին միացել են նաև աշակերտների ծնողները․
«Մենք գալու ենք այս դպրոց ամեն օր։ Նույնիսկ եթե դռնից դուրս գցեն մեզ, մենք հետ կգանք պատուհանով։ Չենք հանձնվի»։
Հիջաբի շուրջ վեճը միայն դպրոցական համազգեստի կանոնների մասին չէ։ Այն առնչվում է նաև Ադրբեջանի աշխարհիկ ինքնության ընկալմանը և կրոնական ավանդույթների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Բաքվում հնչող հայտարարություններում խնդիրը ներկայացվում է ոչ միայն որպես դպրոցական կարգապահության, այլև արտաքին ազդեցությունների հետ կապված հարց․
«Այստեղ շատ հետաքրքրական էր, որ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը հայտարարություն արեց, որ իրենք թույլ չեն տա արաբապարսկական ավանդույթների ներմուծում, որը նաև քաղաքական ենթատեքստ ունի»։
Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը կապվում է նաև այն հարցի հետ, թե Ադրբեջանն ինչպես է պատկերացնում իր ինքնությունը և ինչ ազդեցություններից է ցանկանում ազատվել։ Այս համատեքստում կարևոր է նաև Թուրքիայի արձագանքը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել զերծ մնալու հիջաբ կրող աշակերտների նկատմամբ սահմանափակումներից։ Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ այս արձագանքը ուշագրավ է երկու երկրների հարաբերությունների համատեքստում, հատկապես երբ վերջին շրջանում հանրային քննարկումներում ի հայտ են եկել նաև այլ տարաձայնությունների նշաններ․
«Այս ամենը հատկապես աչքի ընկնող կերպով սկսեց դրսևորվել, երբ ՄԱԿ–ում Իսրայելի վարչապետի ելույթի ժամանակ ադրբեջանական կողմը դուրս չեկավ սրահից, այդ երևույթները արդեն սկսեցին սոցցանցերում դրսևորվել»։
Բողոքի ալիքը տարածվել է նաև Թուրքիայում։ Հոկտեմբերի սկզբին սահմանափակումները վերանայելու պահանջով՝ ցուցարարներ են հավաքվել Ստամբուլում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ, իսկ հոկտեմբերի 14-ին՝ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։
Տաթևիկ Հայրապետյանը չի բացառում, որ Բաքվի որոշման հետևում կարող են լինել նաև այլ հաշվարկներ։ Սակայն հետագա իրադարձությունները կանխատեսելը, նրա խոսքով, դեռ վաղ է․
«Սովորաբար այսպիսի բաները արագ կարողանում են լռեցնել, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնենք այն տարբերվող հանգամանքը, որ այստեղ ցուցարարները կանայք են, երեխաներ են, և Ադրբեջանի ղեկավարության համար բավական դժվար կլինի, եթե նա նոր թափ ստանա»։
Վեճը ծավալվում է միաժամանակ մի քանի ուղղությամբ՝ դպրոցական կրթության հասանելիությունից և կրոնական ինքնարտահայտման իրավունքից մինչև երկու դաշնակից երկրների հարաբերություններում ի հայտ եկած տարաձայնություններ։ Իսկ թե ինչպես կարձագանքեն իշխանությունները շարունակվող բողոքներին և արդյոք այս հարցը կազդի Բաքվի և Անկարայի հարաբերությունների վրա, դեռ պարզ չէ։