COP17-ի կապույտ գոտին հանձնվեց ՄԱԿ-ին․ Երևանում սպասում են 10-15 հզր մասնակցի

Երևանը պատրաստվում է ընդունելու Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ  միջազգային համաժողովը։ COP17-ի կապույտ գոտին արդեն պաշտոնապես հանձնվել է ՄԱԿ-ին, իսկ հոկտեմբերի 19-ից Երևանում կմեկնարկեն միջազգային բանակցությունները՝ կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կազմակերպիչների կանխատեսմամբ՝ համաժողովին կմասնակցի 10-15 հզր մարդ։ «Ռադիոլուր»-ի նկարահանող խումբը ծանոթացել է նախապատրաստական աշխատանքներին, զրուցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղարի և Հայաստանի ՇՄ նախարարի հետ։

«Մերիդիա»–ն էքսպոկենտրոնում, որտեղ հոկտեմբերի 19-ից 30-ը կանցկացվեն Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կապույտ գոտու հիմնական միջոցառումները, պաշտոնական արարողությամբ բարձրացվել են Հայաստանի և ՄԱԿ-ի դրոշները։

Դրոշների բարձրացման արարողությամբ՝ տարածքը ժամանակավորապես հանձնվել է ՄԱԿ-ին։ Այս տարածքում 20 օր գործելու են կազմակերպության ներքին ընթացակարգերն ու անվտանգության կանոնները։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյան․

«Այսօրվա դրոշների բարձրացման արարողությամբ մենք պաշտոնապես, ժամանակավորապես, տվյալ տարածքը հանձնում ենք մեր ՄԱԿ գործընկերներին, որտեղ գործելու են ՄԱԿ-ի ներքին ընթացակարգերը, և անվտանգությունն ապահովելու է ՄԱԿ-ի անվտանգության ծառայությունը»։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերի գնահատմամբ՝ Հայաստանը լավ աշխատանք է կատարել թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային առումով․

«Որպես հյուրընկալող երկիր՝ Հայաստանը հիանալի աշխատանք է կատարել։ Ես այստեղ արդեն երրորդ անգամ եմ և անձամբ ականատես եմ եղել նախապատրաստական աշխատանքներին։ Լոգիստիկ առումով մենք գտնվում ենք նորոգված, գեղեցիկ համաժողովների կենտրոնում, իսկ Հայաստանի կառավարությունը մեծ աշխատանք է կատարել նաև բովանդակային առումով՝ բանակցություններին նախապատրաստվելու համար»։

COP17 համաժողովին  հրավիրված են Կենսաբազմազանության կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչները։ Կազմակերպիչների կանխատեսմամբ՝ միջոցառմանը կմասնակցի 10-15 հզր մարդ։ Աստրիդ Շումաքերի խոսքով՝ տարբեր, այդ թվում քաղաքական տարաձայնություններ ունեցող առաջնորդները կհամախմբվեն՝  մոլորակի բնապահպանական կարևոր մարտահրավերները քննարկելու․

«Գաղտնիք չէ, որ այստեղ կլինեն տարբեր պետությունների ներկայացուցիչներ, որոնց միջև կան քաղաքական տարաձայնություններ։ Հարցն այն է, թե ինչպես կարելի է այդ տարաձայնությունները հաղթահարել՝ կենսաբազմազանության պահպանության և բնության փրկությանն ուղղված համատեղ աշխատանքի շրջանակում։ Օրակարգի բոլոր հարցերն էլ կարևոր են, սակայն այս համաժողովի առանցքում հավաքական առաջընթացի համաշխարհային գնահատումն է։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ որոշումներ պետք է կայացնենք՝ ավելի արագ առաջ շարժվելու համար»։

Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով երկրները ստանձնել են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի կասեցմանն ու բնության վերականգնմանն ուղղված 23 նպատակ։ Համաշխարհային գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ դրանց մի մասի ուղղությամբ առաջընթացն ավելի նկատելի է, քան մյուսներինը․

«Խոսքը, մասնավորապես, իրականացման միջոցների մասին է՝ ֆինանսավորման, կարողությունների զարգացման և այլ հարցերի։ Կենտրոնական դեր կունենա նաև վերջերս ստեղծված հիմնադրամը, որը նախատեսված է ընկերությունների կողմից օգուտների բաշխման մեխանիզմի համար։ Այս բոլոր գործիքները կարևոր նշանակություն ունեն նպատակներին հասնելու համար»։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ օրակարգային հարցերի ծավալով երևանյան համաժողովը նախորդներից ամենահագեցածն է։ Նախարարը հույս ունի, որ Հայաստանի նախագահությամբ հնարավոր կլինի հաղթահարել բանակցային խոչընդոտները և հասնել համաձայնության․

«Քանի որ օրակարգային կետերը բավականին շատ են, բանակցող կողմերը, կարծում եմ, մարտական են տրամադրված, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահությունն ունի բոլոր հնարավորությունները՝ հարթեցնելու բանակցող կողմերի միջև առկա խոչընդոտները, և մենք վերջում ունենանք կոնսենսուսային որոշումներ»։

Համաժողովի նշանակությունը, նախարարի գնահատմամբ, միայն բնապահպանական օրակարգով չի սահմանափակվում։ Կարևոր է նաև համաժողովի քաղաքական և տնտեսական նշանակությունը․

«Սա շատ կարևոր միջոցառում է նաև քաղաքական առումով։ Թեև ոլորտային հարցերը վերաբերում են շրջակա միջավայրին, դրանք նաև միջգերատեսչական և միջոլորտային հարցեր են։ Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է այս գործընթացը նախագահելու պարտավորությունը, և, իհարկե, բազմահազարանոց հյուրերի Հայաստան այցելությունը կարող է նաև մեծ ազդեցություն ունենալ տնտեսական ակտիվության վրա»։

Կապույտ գոտում կանցկացվեն պաշտոնական միջոցառումներն ու բանակցությունները։ Իսկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում կգործի կանաչ գոտին, որտեղ այցելուները կկարողանան ծանոթանալ բնապահպանական նախաձեռնություններին, գիտական լուծումներին, նոր տեխնոլոգիաներին և համայնքների աշխատանքին։ Ի տարբերություն կապույտ գոտու՝ կանաչ գոտի այցելելու համար պետական պատվիրակության անդամ լինելը պարտադիր չէ։

Leave a Comment