Ուկրաինայում հաղորդում են զինվորականների համար Starlink-ի արագության սահմանափակման մասին

Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունը հոկտեմբերի լույս 14-ի գիշերը սահմանափակել է Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքի արագությունը: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը, կամավոր Սերգեյ Ստերնենկոն, «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականը:

Ստերնենկոյի տվյալներով՝ կապը սկսել է կորչել 160 կմ/ժ-ից ավելի արագությամբ շարժման դեպքում, ինչի հետևանքով «խախտվել են մի շարք ծայրաստիճան կարևոր առաքելություններ»: Նա ենթադրում է, որ հավանաբար «SpaceX-ն այդ միջոցները ձեռնարկել է Թրամփի վարչակազմի խնդրանքով»:

Բեսկրեստնովն էլ ճշտել է, որ սահմանափակումը վերաբերում է «StarShield ծառայությունների ռազմական փաթեթին», և ուկրաինացի զինվորականները նախազգուշացված չէին այդ մասին: «Ակնհայտ է, որ այդ գործողությունը չի կարող համընկնում լինել և կապված է ընթացիկ քաղաքական իրավիճակի հետ», – պնդել է Վլադիմիր Զելենսկու խորհրդականը:

«Ուկրաինսկայա պրավդա»-ի փոխանցմամբ էլ՝ հրամանատարներից մեկը տեսանյութ էր ուղարկել, որում «լավ տեսանելի է, որ ամպից վեր բարձրացող երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կապը «կորչում է», և դրանք չեն կարողանում շարունակել առաքելությունը»:

Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ արդեն երկրորդ օրն է՝ Ուկրաինան չի ստանում նախազգուշացումներ բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ:

Իլոն Մասկն օրերս պաշտպանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ընտրի: «Զելենսկին չափազանց հեռուն է գնացել», – գրեց նա:

Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելուց Զելենսկու հրաժարվելու դեպքում Թրամփը կարող է Ուկրաինային զրկել ամերիկյան հետախուզական տվյալներից կամ ստիպել Իլոն Մասկին անջատել Starlink-ը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment