Խաղաղության ուրվագծից դեպի նոր հնարավորություններ. վարչապետը փակագծեր է բացել

Ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ի՞նչ նոր հնարավորություններ կարող են բացվել տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութով ներկայացրել է իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան խաղաղության մասին։ Դրանք ընդգրկում են սահմանների հստակեցումից մինչև հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Իսկ Արարատ Միրզոյանի՝ Վարշավայում հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին զուգահեռ կարևորվում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ու եվրոպական ուղղությունը։

Խաղաղությունը միայն հակամարտության ավարտը չէ․ այն նաև հստակ սահմաններն են, բաց հաղորդակցությունները և հարևանների միջև հարաբերությունների նոր տրամաբանությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ի՞նչ սկզբունքներով կարող է ձևավորվել այդ իրականությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ»։

Սահմանների հստակեցումը գործընթացի կարևոր բաղադրիչն է, սակայն դրա արդյունքը կախված է համաձայնությունների գործնական իրականացումից։ Նույնքան կարևոր է հաղորդակցությունների ապաշրջափակումը, որը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի տնտեսության և տարածաշրջանային կապերի համար։ Փաշինյանը խոսել է նաև անկլավ-էքսկլավների հարցի լուծման բանաձևի մասին։ Ըստ վարչապետի, դրանք չպետք է լինեն ո՛չ սահմանի այս, ո՛չ այն կողմում։

«Այսինքն, երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն։ Բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն TRIPP նախագծի շրջանակում, բայց ոչ միայն TRIPP նախագծի շրջանակներում։ Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն՝ բաց լինեն, այդ թվում Հայաստանից-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանից-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով. աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ»։

Տնտեսական կապերի վերականգնումը կայուն խաղաղության երաշխիք չէ, սակայն կարող է այն ամրապնդելու կարևոր գործոն դառնալ։ Խաղաղության մյուս առանցքային պայմանը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխադարձ պահանջների և հակադրության քաղաքականությունից հրաժարվելն է։

«Ոչ մի պահանջ, ներառալ՝ Ղարաբաղ, Գարդման-Շիրվան-Նախիջևան տրամաբանությամբ կամ՝ «Արևմտյան Ադրբեջան» տրամաբանությամբ»։

Այս սկզբունքի կենսունակությունը կախված է նրանից, թե որքանով այն կարտացոլվի երկու երկրների իրական քաղաքականության մեջ։ Իսկ խաղաղության հեռանկարն առաջ տանելու հնարավորության մասին Փաշինյանը խոսել է Ադրբեջանի նախագահի հետ Թուրքմենստանում ունեցած շփումների ժամանակ։

«Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով՝ ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունն իրագործելով, այդ հնարավորությունն իրականություն դարձնելով»։

Հայաստանի շուրջ գործընթացների մյուս կարևոր ուղղությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի հարևանների հետ հարաբերություններին և եվրոպական հեռանկարին, ընդգծել է, որ դրանց կարգավորումը շարունակվելու է՝ անկախ ԵՄ-ին անդամակցելու ձգտումներից։ Միաժամանակ նա նշել է, որ հարևանների հետ հակամարտությունների առկայությունը կարող է խոչընդոտել եվրոպական ինտեգրմանը։

«Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, թեև դեռևս մի քանի քայլ պետք է իրականացվի։ Մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է»։

Միրզոյանը նաև նկատել է, որ Հարավային Կովկասի ապաշրջափակման հարցում համընկնում են աշխարհի բազմաթիվ երկրների և ուժային կենտրոնների շահերը։

Leave a Comment