53 համերգ, 160 հազար հանդիսատես․ Հակոբ Խանջյանի հուշերը Թաթուլ Ալթունյանի մերձավորարևելյան շրջագայության մասին. «Արդեն 100 տարի»

67 տարի առաջ Հայկական ռադիոյի ձայնագրման տաղավարներից մեկում ժապավենին էր հանձնվում մի անչափ հետաքրքիր և արժեքավոր ելույթ, որն այսօր իրապես պատմական արժեք ունի: Այն ներկայացնում է համբավավոր խմբավար և երաժիշտ Թաթուլ Ալթունյանի ղեկավարած երգի-պարի անսամբլի՝ Մերձավոր Արևելք կատարած անմոռանալի հյուրախաղերի մասին:

Անսամբլի հետ ճամփորդել է նաև երաժշտագետ Հակոբ Խանջյանը, որն իբրև վկա իր տպավորություններն ու հուշերն է պատմում ռադիոունկնդրին այդ հրաշալի, արվեստով լեցուն օրերի մասին:

1912 թվականին Վանում ծնված Հակոբը երաժշտական հարուստ կենսագրություն ունի: Սովորել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում, դասավանդել Երևանի երաժշտանոցի ջութակի բաժնում:

Աշխատանքային կենսագրություն է ունեցել նաև Հայկական ռադիոյում՝ դառնալով այստեղ հիմնված տրիոյի՝ եռյակի ջութակահար, ապա եղել է օպերային թատրոնի նվագախմբի փոխկոնցերտմայստեր, տնօրեն և այլն:

Ի դեպ, Հակոբը հանրահայտ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի ավագ եղբայրն է: Ամուսնանալով ճանաչված երգչուհի Տաթևիկ Սազանդարյանի հետ՝ նրանք լույս աշխարհ են բերել իրենց որդուն՝ Դավիթ Խանջյանին, որը դարձավ դիրիժոր և մեծ ներդրում ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաջողությունների պատմության մեջ: Ցավոք, Դավիթ Խանջյանը մահացավ շատ երիտասարդ՝ 40 տարեկանում:

Եվ այսպես, Հակոբ Խանջյանը ուղեկցում էր Թաթուլ Ալթունյանին և երգի-պարի անսամբլի արտիստներին մերձավորարևելյան հյուրախաղերի ժամանակ: Իմիջիայլոց, այս համույթը առաջիններից էր, որ դուրս եկավ Հայաստանի սահմաններից և ունեցավ հյուրախաղեր արտասահմանում. դեռ 1944-ին մեծ հաջողությամբ պսակվեցին անսամբլի ելույթները Իրանում, ապա՝ Ալբանիայում, Բուլղարիայում, Հունգարիայում:

Այս հրաշալի անսամբլը, որն այժմ կրում է իր հիմնադրի՝ Թաթուլ Ալթունյանի անունը, 1938 թվականի մարտի 5-ի ծնունդ է՝ շնորհիվ խմբավար Ալթունյանի, համահիմնադիրներ՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանի և բալետմայստեր Էդվարդ Մանուկյանի։ Իր տեսակով սա իր նմանը չունեցող համույթ էր ողջ Խորհրդային երկրում։

1959-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն են. Հայաստանի երգի-պարի անսամբլի համերգների ազդագրերը ողողել էին Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի խոշոր քաղաքները. 60-հոգանոց խումբը հասնում է Եգիպտոս: Կահիրեի արքայական թատրոնի բեմը տրամադրվելու էր Ալթունյանին՝ այն բեմը, որտեղ առաջին անգամ բեմադրվել էր Վերդիի «Աիդա»-ն: Կահիրեում ելույթներն ընթանում էին մեծ հաջողությամբ. հայ համայնքը 5-ի փոխարեն վայելեց 8 բերկրալի համերգ: Ոչ միայն հայ համայնքը, այլև արաբները, եվրոպացիները անսահման տպավորված էին թե՛ երաժիշտներով, թե՛ անսամբլի ղեկավար Թաթուլ Ալթունյանով:

Տաղանդավոր այս մարդը, որ տարիներ շարունակ իր արվեստով գերել է հազարավոր հանդիսականների հոգին, ծնվել է Ադանայում 1901-ի հոկտեմբերի 2-ին: Նրան ծնողները կոչել են սելջուկ-թուրքերի դեմ քաջաբար պայքարած 11-րդ դարի հերոս Թաթուլ Վանանդեցու անունով։ 14 տարեկան էր, երբ ստիպված եղավ լքել իր ծննդավայրը և տարագրվել: Մոր, քրոջ և եղբայրների հետ հասավ Երևան: Հայրը սպանվել էր: Հենց հայրն էր՝ Տիգրանը, որ նրան սրինգ նվագել էր սովորեցրել: Խմբավարական իր առաջին քայլերը պատանի Թաթուլն արել է Արևելյան Հայաստան հասնելով. նա ղեկավարել է որբուկների երգչախումբ:

Մերձավորարևելյան համերգերի հաջորդ կանգառները Դամասկոսը, Հալեպը, Բեյրութն էին: Լիբանանի մայրաքաղաքի օդանավակայան շուրջ 30 000 հայ էր եկել անսամբլին դիմավորելու: Այսպես 1959-ին՝ 60-օրյա համերգային շրջագայության ընթացքում, Թաթուլ Ալթունյանն իր ղեկավարած երգի-պարի անսամբլով տվեց 53 համերգ: 160.000-ից ավելի հանդիսական ծափահարեց նրանց. բազում դպրոցներ, հայկական ակումբներ, հիվանդանոցներ վայելեցին Երևանից եկած փառապանծ անսամբլի ելույթները՝ իր հռչակավոր խմբավարի ղեկավարությամբ:

Leave a Comment