Երբ խորտակվում է փրկության հույսը․ նավաբեկություն Ջիբութիի ափերի մոտ  

305 մարդ մեկ նավում։ Նրանցից շատերը մտադիր էին հասնելու Եմեն, ապա՝ Պարսից ծոցի երկրներ և հույս ունեին այնտեղ աշխատանք գտնելու։ Բայց ուղևորությունը ողբերգությամբ է ավարտվել։ Ինչո՞ւ են մարդիկ շարունակում ընտրել այս վտանգավոր երթուղին, և ի՞նչ է նրանց սպասում մյուս ափին։

Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավաբեկություն է տեղի ունեցել։ Խորտակվել է Ջիբութիից Եմեն միգրանտներ տեղափոխող նավը, որում 305 մարդ է եղել։ Նրանցից առնվազն 139-ը զոհվել են, 84-ը համարվում են անհետ կորած, 82-ը փրկվել են։

Դեպքի մասին որոշ մանրամասներ է հայտնել Միգրացիայի միջազգային կազմակերպության՝ Ջիբութիում մարդասիրական արձագանքի համակարգող Սաֆիա Իբրահիմը․

«Նավում տղամարդիկ ու կանայք էին, բայց նաև երեխաներ։ Զոհերի նախնական թիվն արդեն իսկ մեծ է»։

Փրկվածները մեծ մասամբ Եթովպիայի քաղաքացիներ են։ Նրանց բժշկական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում Օբոկի միգրանտների աջակցության կենտրոնում։ Ոմանք արդեն տեղեկացել են իրենց հարազատների մահվան մասին, մյուսները դեռ սպասում են լուրերի։

Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավար Ալեքսանդր Կուիսակը ներկայացրել է, թե ինչ են պատմել նավաբեկությունից փրկվածները։

 «Նավը սկսել է հետնամասով խորտակվել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ նրանք նավ են բարձրացել»։

Այս դեպքը ևս մեկ վկայություն է, թե որքան արագ կարող է նման ճանապարհորդությունը վերածվել աղետի։ Ջիբութիից Եմեն տանող ծովային ուղին Արևելյան երթուղու մի մասն է։ Այն Արևելյան Աֆրիկայի եղջյուրից Արաբական թերակղզի և Պարսից ծոցի երկրներ հասնելու ուղիներից մեկն է։

Ամեն տարի դրանից տասնյակ հազարավոր մարդիկ են օգտվում՝ մեծ մասամբ Եթովպիայից ու Սոմալիից՝ նոր աշխատանք ու բարեկեցիկ կյանք գտնելու հույսով։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին այս երթուղում առնվազն 922 մարդ է զոհվել կամ անհետ կորել։ Այդուհանդերձ, ճանապարհը շարունակում է գործել։ Նավերը հիմնականում գերբեռնված են լինում՝ առանց անվտանգության նվազագույն պայմանների։

Ալեքսանդր Կուիսակը կատարվածը դիտարկում է որպես հիշեցում․ «Այս ողբերգությունը դարձյալ հիշեցում է այն վտանգների մասին, որոնց բախվում են միգրանտներն այս երթուղում՝ տնտեսական հնարավորություններ փնտրելիս»։

Սակայն վտանգները չեն ավարտվում ծովն անցնելուց հետո։ Եմենում շարունակվող հակամարտությունը, անապահովությունը և մարդասիրական ծանր պայմանները կարող են նոր խնդիրների առաջ կանգնեցնել միգրանտներին։

Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Էմի Փոփը կարծում է, որ մարդկանց անվտանգ տեղափոխվելու հնարավորություններ են անհրաժեշտ նման կորուստները կանխելու համար․

«Ոչ ոք նման նավ չի նստում, եթե չի հավատում, որ այլ անվտանգ ճանապարհ չունի։ Մենք չենք կարող այս մահերը սովորական երևույթ համարել։ Անվտանգ և օրինական ուղիները կյանքեր են փրկում։ Ես կոչ եմ անում կառավարություններին ու դոնորներին գործելու մինչև հաջորդ նավի խորտակվելը»։

Այս ողբերգությունը եզակի դեպք չէ։ Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2025-ը Արևելյան երթուղում մահերի և անհետ կորածների ամենամեծ թվով տարին է եղել։

Զոհերի հարազատները դեռ սպասում են լուրերի, իսկ փրկվածները փորձում են հաղթահարել կատարվածը։ Նրանց պատմությունները ցույց են տալիս, որ միգրացիայի հետևում միայն թվեր չեն․ մարդիկ հեռանում են աշխատանք գտնելու, ընտանիքը պահելու կամ վտանգներից փրկվելու հույսով։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունները հիշեցնում են, որ լավ կյանքի որոնումները կարող են ավարտվել անդառնալի կորստով, երբ ընտրվում է անօրինական և վտանգավոր ճանապարհը։

Leave a Comment