Արտահանման նոր ուղղությունները. ինչպե՞ս է դիվերսիֆիկացվում Հայաստանի արտաքին առևտուրը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աշխարհագրական և ապրանքային կառուցվածքը լուրջ վերափոխումների փուլում է։ Հակառակ ընդհանուր առևտրաշրջանառության աճին, որը ձևավորվել է հիմնականում ներմուծման ընդլայնման հաշվին, Ռուսաստանի Դաշնություն արտահանման հոսքերը նվազում են։ Դրան զուգահեռ՝ աստիճանաբար մեծանում է Չինաստանի, Իրանի և Եվրոպական միության երկրների դերը։ Ինչպե՞ս են փոխվել թվերն ու մասնաբաժինները, ո՞ր ապրանքախմբերի արտահանումն է նվազել, և ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում հայկական արտադրանքի համար Եվրոպայում և այլ շուկաներում։

Արտահանման  աշխարհագրական ու ապրանքային կառուցվածքի վերափոխման գործընթաց․ մասնագիտական դաշտում այսպես են բնութագրում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունում տեղի ունեցող փոփոխությունները։ Իսկ դրանք, փորձագետների կարծիքով, կապված են արտահանման շուկաների փոփոխություններով։ Այս տարվա անցած ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 13 մլրդ 275 մլն դոլար։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել է 3,2 %-ով։ Հակառակ ընդհանուր առևտրաշրջանառության ծավալի աճին, արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է 6,5 %-ով, իսկ ներմուծումն ավելացել 9,3 %-ով։ Տնտեսագետ, Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը ներկայացնում է կիսամյակային տվյալները․

«Ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը ավելացել է 1,7, %-ով, ընդ որում, արտահանումը նվազել է 7,9, %–ով, իսկ ներմուծումն աճել է 7,7 %–ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Առևտրային հիմնական գործընկերների շարքում շարունակում են առանձնանալ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Գերմանիան»։

Հատկանշական է, որ ավելացել է Չինաստանի տեսակարար կշիռ ՝ 12,7 %-ից հասնելով 15,6 %-ի։ Իրանի տեսակարար կշիռը նույնպես ավելացել է՝ 3,6 %-ից հասնելով 3,8 %-ի։

«Ռուսաստանի տեսակարար կշիռը ՀՀ առևտրաշրջանառության ծավալում հունվար-հուլիսին կազմել է 27 %` նախորդ տարվա 34,6 %-ի համեմատ։ Ռուսաստանի ուղղությամբ առևտրի կրճատումը հատկապես արտացոլվում է արտահանման ցուցանիշներում։ Հունվար-հուլիսին Հայաստանի արտահանման ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 35,6 %, իսկ ներմուծման ծավալում՝ 22,4 %»։

Արտահանման աշխարհագրության աստիճանական վերակազմավորմանը զուգահետ, առանձին ապրանքախմբերի արտահանման նվազում է արձանագրվել։

«Հունվար-հուլիսին արտահանման նվազումը հիմնականում պայմանավորված է եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, մետաղների, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի արտահանման 54,5 % անկմամբ։ Նույն ժամանակահատվածում բուսական ծագման արտադրանքի արտահանումը ևս նվազել է 31,7 %–ով։ Այս դինամիկան, ի թիվս, այլ գործոնների, կարող է պայմանավորված լինել Ռուսաստանի շուկայում կիրառվող մատակարարման սահմանափակումներով, ինչպես նաև վերահսկողության խստացմամբ»։

Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը կարող է դիտարկվել որպես արտաքին պահանջարկի և առանձին շուկաներից կախվածության ռիսկերի նվազեցման ուղղություն։ ԵՄ–ն հայկական ապրանքների լայն տեսականու համար երկու տարով վերացրել է մաքսատուրքերը։ Արտոնությունները տարածվում են ավելի քան 300 ապրանքախմբերի վրա։ Ընտրվել են այն ոլորտները, որոնք ամենաշատն են տուժել ռուսական սահմանափակումներից։ Արտահանման դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող աշխատանքը արդյունք է տվել, վստահեցնում է արտաքին գործերի ու միջազգյաին առևտրի նախարար Արարատ Միրզոյանը․

«Կարող եք տեսնել հայկական ծաղիկներ Թուրքմենստանում, հայկական դեղձ՝ Օմանում, հայկական ծիրան՝ Վարշավայում»։

Հայկական արտադրանքի արտահանմումը ԵՄ ավելացել է շուրջ 70 %–ով՝ վիճակագրական վերջին թվերն է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանն ընդգծում է․

«Հունվար-օգոստոսին Հայաստանից ավելի շատ հայկական ծագման արտադրանք է արտահանվել եվրոպական շուկա, քան 2025-ին։ Ուղղությունները շատ են, բայց այստեղ իր տեղն ունի գյուղատնտեսական արտադրանքը»։

Եվրոպական միության և Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին ակնհայտորեն խորացել են։ 2025 թվականին ընդունվել է ԵՄ-Հայաստան Ռազմավարական օրակարգը, իսկ 2026 թվականի մայիսին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։  

Leave a Comment