Դատավոր Նորա Կարապետյանը վեց գործով ինքնաբացարկ է հայտնել․ նախարարությունը պահանջում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 12-ին բաց դատական նիստում քննության էր առել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Նիստի ընթացքում դատավոր Նորա Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը երկու միջնորդություն ներկայացրեց՝ առաջարկելով Բարձրագույն դատական խորհրդին դիմել Սահմանադրական դատարան՝ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը վիճարկելու հարցով։

Առաջին միջնորդությամբ պաշտպանը բարձրացրեց օրենքի 26-րդ հոդվածի իրավական որոշակիության հարցը՝ մասնավորապես խնդրահարույց համարելով այն հանգամանքը, թե արդյո՞ք օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ նշանակված դատավորների համար սահմանված էր պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ստանալու դիմում ներկայացնելու մեկամսյա ժամկետ։

Երկրորդ միջնորդությամբ Հայկ Ալումյանը վիճարկեց նույն օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածների որոշ դրույթների սահմանադրականությունը՝ պնդելով, որ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրամադրելու, մերժելու կամ դադարեցնելու՝ համապատասխան մարմնի լիազորությունները կարող են ազդեցություն ունենալ դատավորի անկախության և պաշտոնավարման երաշխիքների վրա։ Նրա խոսքով՝ նման կարգավորումները կարող են դատավորին կախվածության մեջ դնել գործադիր իշխանության մարմիններից։

Պաշտպանը հղում կատարեց Սահմանադրության մի շարք դրույթների, այդ թվում՝ դատական պաշտպանության, իրավական որոշակիության և դատավորի անկախության վերաբերյալ սահմանադրական երաշխիքներին՝ պնդելով, որ բարձրացված հարցերը նշանակություն ունեն նաև տվյալ կարգապահական վարույթի քննության համար։

Ի պատասխան՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը առարկեց միջնորդությունների դեմ՝ նշելով, որ ներկայացված սահմանադրական հարցերը վճռորոշ չեն կարգապահական գործի լուծման համար։ Նրա խոսքով՝ իրավական նորմերի մեկնաբանության շուրջ տարաձայնություններն ինքնին բավարար հիմք չեն Սահմանադրական դատարան դիմելու համար, իսկ տվյալ վարույթում անհրաժեշտ է գնահատել դատավորի գործողությունները՝ դատավորի վարքագծի կանոնների տեսանկյունից։

Քննարկելով ներկայացված միջնորդությունները՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դրանց վերաբերյալ որոշում կայացնել գործի փաստական հանգամանքները և էությունը քննարկելուց հետո։

Այնուհետև նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքերը։ Ըստ նախարարության՝ կարգապահական վարույթը վերաբերում է վեց քաղաքացիական գործերի, որոնցով դատավորը ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ գործերի նյութերը դասակարգված են, իսկ ինքը չունի պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան թույլտվություն։

Նախարարության դիրքորոշմամբ՝ դատավորը, պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն չունենալու հանգամանքին հղում կատարելով, պետք է ձեռնարկեր անհրաժեշտ քայլեր՝ այդ թույլտվությունը ստանալու ուղղությամբ։ Ըստ միջնորդության՝ նման քայլեր չձեռնարկելը և գործերով ինքնաբացարկ հայտնելը կարող էին հանգեցնել արդարադատություն իրականացնելու պարտականության ոչ պատշաճ կատարման։ Նախարարությունը դատավորի գործողություններում տեսնում է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մի շարք դրույթների խախտման հատկանիշներ։

Դատավորի ներկայացուցիչը, իր հերթին, բարձրացրեց այն հարցը, թե արդյոք պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության համար՝ հաշվի առնելով թույլտվության տրամադրման ընթացակարգը և դրա հնարավոր ազդեցությունը դատավորի անկախության վրա։

Բարձրագույն դատական խորհուրդը լսեց կողմերի դիրքորոշումները և որոշեց նիստը հետաձգել։ Գործի քննությունը կշարունակվի 2026 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:30-ին։ Հաջորդ նիստում նախատեսվում է շարունակել միջնորդության քննությունը, այդ թվում՝ դատավորի ներկայացուցչի կողմից նախարարության ներկայացուցչին հարցեր ուղղելու միջոցով։

Մանրամասները տեսանյութում

Leave a Comment