1 ամիս 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացաք՝ ապահովագրավճարը կպահվի 12 ամիս, անգամ եթե աշխատավարձը նվազի

Եթե 2026 թվականին գոնե մեկ ամիս աշխատավարձը գործատուներից որևէ մեկից կազմել է 200 001 դրամ և ավելի, առողջության ապահովագրավճարը կշարունակի պահվել հաջորդող 12 ամիսների ընթացքում, նույնիսկ եթե աշխատավարձն այդ ընթացքում նվազի 200 000 դրամից ցածր։ Մինչև 500 000 դրամ աշխատավարձի դեպքում դա ամսական 4800 դրամ է։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կանոնը սահմանված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով։

Ե՞րբ է աշխատողը ներառվում համակարգում

45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, եթե 2026 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում որևէ ամսում աշխատավարձը յուրաքանչյուր գործատուից կազմել է 200 001 դրամ և ավելի, օրենքն աշխատողի նկատմամբ ուժի մեջ է մտնում հաջորդ ամսվա 1-ից և տարածվում է այդ և հաջորդող ամիսների աշխատավարձի վրա։

Իսկ այն աշխատողները, որոնց 2025 թվականի նոյեմբերի աշխատավարձը կազմել է 200 001 դրամ և ավելի, համակարգում ներառվել են 2025 թվականի դեկտեմբերից (3-րդ կետ)։

Ի՞նչ է լինում, եթե աշխատավարձը նվազում է

Երկու դեպքում էլ օրենքը սահմանում է նույն կանոնը. ապահովագրավճարները շարունակում են հաշվարկվել՝ անկախ հաջորդող 12 ամսվա ընթացքում աշխատավարձի նվազեցումից։

Օրինակ՝ եթե մարտին աշխատավարձը կազմել է 210 000 դրամ, իսկ ապրիլից վերադարձել է 180 000 դրամի, ապահովագրավճարը կպահվի ապրիլից սկսած՝ հաջորդող 12 ամիսների ընթացքում։

Որքա՞ն է պահվում

46-րդ հոդվածի 9-րդ մասով 2026 թվականին պահվում է՝

  • 4800 դրամ, եթե աշխատավարձը, ըստ յուրաքանչյուր գործատուի, մինչև 500 000 դրամ է,
  • 10 800 դրամ, եթե աշխատավարձը 500 001 դրամ և ավելի է։

Այսինքն՝ եթե աշխատավարձը նվազել է 200 000 դրամից ցածր, ամսական պահումը շարունակում է կազմել 4800 դրամ։

Իսկ եթե որևէ ամիս աշխատավարձ չկա՞

46-րդ հոդվածի 20-րդ մասով, եթե որևէ ամսում աշխատողի աշխատավարձը չի բավարարում ապահովագրավճարի վճարման համար, այդ թվում՝ եթե տվյալ ամսում աշխատավարձ չի հաշվարկվել, գործատուն պարտավոր է վճարել 4800 դրամը։

Կարո՞ղ է ճշտված հաշվարկը փոխել իրավիճակը

Ոչ։ 46-րդ հոդվածի 13-րդ մասով եկամտային հարկի ամսական հաշվարկների ճշտման դեպքում աշխատավարձի նվազեցումը հաշվի չի առնվում։

Ի՞նչ է սպառնում աշխատանքից ազատվածներին

46-րդ հոդվածի 19-րդ մասով 2026 թվականին աշխատանքից ազատված վարձու աշխատողները ապահովագրված անձի կարգավիճակի ամբողջ ժամանակահատվածում (կարգավիճակն ստանալուց հետո՝ 12 ամսվա ընթացքում) պարտավոր են ապահովագրավճարի ամսական դրույքաչափը՝ 10 800 դրամ, վճարել ինքնուրույն։

Ո՞վ կարող է պահված գումարը հետ ստանալ

Եթե աշխատողը միաժամանակ ընդգրկված է պետության հաշվին ապահովագրվող որոշ խմբերում, օրինակ՝ ունի հաշմանդամություն կամ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող է, պահված ապահովագրավճարը կարող է հետ ստանալ։ Մանրամասները՝ այս նյութում։

Ի՞նչ է փոխվում 2027 թվականից

45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում ներառվում են նաև մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացողները։ Մանրամասները՝ այս նյութում։

Ամփոփում

Ամփոփելով՝ 2026 թվականին որևէ ամսում որևէ գործատուից 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստանալու դեպքում առողջության ապահովագրավճարը պահվում է հաջորդ ամսից՝ հաջորդող 12 ամիսների ընթացքում, անկախ աշխատավարձի նվազեցումից, մինչև 500 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ ամսական 4800 դրամ, աշխատավարձ չհաշվարկվելու ամիսներին այն վճարում է գործատուն, իսկ աշխատանքից ազատվածները ամսական 10 800 դրամը վճարում են ինքնուրույն, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ 






Կարդացեք նաև՝

Leave a Comment