Սեփականության վկայականներ, հողի վարձակալության պայմանագրեր և տարիների ընթացքում կատարված հարկային վճարումներ․ Շինարարների փողոցի մի շարք խանութների սեփականատերերի խոսքով՝ այս փաստաթղթերն են իրենց ձեռքին, մինչդեռ իրենց բիզնեսների ապագան անորոշ է։ Նրանք պնդում են, որ խանութների հնարավոր ապամոնտաժման մասին տեղեկացել են ընդամենը օրեր առաջ, իսկ մինչև օրս իրենց չեն ներկայացրել համապատասխան որոշումներն ու իրավական հիմնավորումները։
Երևանի քաղաքապետարանն իր հերթին հայտարարում է՝ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել քաղաքացիներին։ Ի՞նչ իրավական հիմքով է նախատեսվում ապամոնտաժումը, և ի՞նչ է լինելու այն տնտեսվարողների հետ, որոնք պնդում են, որ ունեն օրինական փաստաթղթեր։