
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ավարտում է պաշտոնավարումը․ լրացել է նրա վեցամյա ժամկետը։ Դիլանյանը, սակայն, չի հեռանա ՍԴ-ից և կշարունակի աշխատել որպես դատավոր։
Այսօր Դիլանյանին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետն ավարտվում գործող կարգավորումներով։
«Երկրի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնելը և դա տրամաբանական լրումին հասցնելը, իհարկե, շատ բանի մասին է խոսում», – ասել է Փաշինյանը։
Թե ով կփոխարինի Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, դեռ հայտնի չէ։
Նոր նախագահին ՍԴ դատավորները պետք է ընտրեն իրենց կազմից։ Թեկնածու կարող են առաջադրել ՍԴ դատավորները, հնարավոր է նաև ինքնաառաջադրում։ Եթե թեկնածուները մեկից ավելի լինեն, ընտրվելու համար անհրաժեշտ է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ մեկ թեկնածուի դեպքում՝ մեծամասնությունը։
Արման Դիլանյանը ՍԴ նախագահ էր ընտրվել 2020 թվականին։ Սահմանադրական դատարանի դատավորի նրա տասնամյա լիազորությունների ժամկետը, սակայն, դեռ չի ավարտվել, հետևաբար նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա շարունակում է մնալ ՍԴ դատավոր։