Ռուսաստանում Yandex-ի տվյալների կենտրոններին հասցված հարվածներից հետո ընկերության մի շարք ծառայություններ խափանվել են։ Հետևանքները զգացվել են նաև Հայաստանում․ օգտատերերը չեն կարողացել տաքսի պատվիրել, իսկ որոշ դեպքերում խնդիրներ են առաջացել պատվերների և ուղեվարձի հետ։ Ինչու է ռուսական ենթակառուցվածքի վնասվելն անդրադարձել Հայաստանի ծառայությունների վրա և ինչպես են ստեղծված իրավիճակը բացատրում տեղական ներկայացուցիչները։
Հոկտեմբերի 8-ի գիշերը հարված է հասցվել Ռուսաստանի Ռյազանի մարզի Սասովո քաղաքում գտնվող Yandex-ի տվյալների կենտրոնին։ Հրդեհից հետո կենտրոնի աշխատանքը դադարեցվել է։ Հաջորդ օրը վնասվել է նաև Կալուգայի մարզի կենտրոնի ենթակառուցվածքը, իսկ հոկտեմբերի 11-ին հարված է հասցվել Վլադիմիրի մարզի տվյալների կենտրոնին։ Չորս օրվա ընթացքում երեք կենտրոնի աշխատանքը խափանվել է։ Խնդիրներ են առաջացել Yandex-ի ծառայություններում և ընկերության ամպային ենթակառուցվածքից օգտվող այլ հարթակներում։
Տեղի ունեցածը միայն մեկ հավելվածի խափանում չէր․ տվյալների կենտրոնների աշխատանքից կախված են բազմաթիվ թվային ծառայություններ՝ երթուղիներից ու երաժշտությունից մինչև բիզնեսների առցանց համակարգեր։
Հայաստանում խափանումներն առավել տեսանելի են Yandex Go տաքսի ծառայությունից օգտվելիս։ Այն շուկայում խոշորագույն տնտեսվարողներից է և դրա աշխատանքի խափանումն անմիջապես անդրադարձավ օգտատերերի վրա։ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ քաղաքացիների առօրյայի մի մասը դարձած ծառայությունը հանկարծ անհասանելի դարձավ և ինչ այլընտրանքներ ունեին նրանք։ Այս ամենը քննարկումների մեծ առիթ են դարձել սոցիալական հարթակներում․
«Առավոտվանից փորձում եմ տաքսի պատվիրել, Yandex Go-ն մահացած է։ Չկա, համակարգը չի աշխատում, պատվերը չի հասնում, բայց գումարը պարտաճանաչ քարտից հանում է։ Կցված քարտի վրա գումար մի պահեք»։
Ռադիոլուրի հետ զրույցում,մեկ այլ քաղաքացի պատմում է իր հանդիպած դժվարություններին։
«Նշված դեպքի հաջորդ օրը ընդհանրապես չէի գտնում Yandex տաքսի , իսկ հաջորդ օրը կային, բայց քիչ քանակով ու շատ թանկ։ Ասենք՝ Զեյթունից Մասիվ՝ 2000 դրամ շատ կարճ ճանապարհի համար։ Էդ օրերին օգտվել եմ մեր սովորական փողոցներում հանդիպած տեղական տաքսիներից, որ կարողանամ կազմակերպել օրս»։
Սոցցանցերում խափանումը քննարկվել է նաև տեղական տաքսի ծառայություններից օգտվելու համատեքստում։
«Լավ առիթ է, որ հասկանանք՝ տեղականից լավը չկա»։
«Ռադիոլուրի» հետ զրույցում Yandex Go-ի գործընկեր կազմակերպության հիմնադիր տնօրեն Լուսինե Վարդյանն անդրադառնում է քաղաքացիների բարձրաձայնած դժգոհություններին՝ կապված ուղեվարձի բարձրացման և տաքսի պատվիրելու դժվարությունների հետ։
«Գնի բարձրացումը պայմանավորված է նրանով, որ շատ վարորդներ չեն կարող դուրս գալ երթուղագիծ, պատվերները ստանում ենք, կորում է իրենց էջից, հասնում են տեղ, սխալ տեղ է նշվում և այլն։ Ինքը տեխնիկապես մեծ խնդիր է առաջացրել և այդ իսկ պատճառով էս պահանջարկը շատ է, բայց մեքենաները ավելի քիչ են, հետևաբար, վճարը մի փոքր ավելի բարձր է, քան սովորաբար է լինում»։
Տեխնիկական խափանումներն անդրադարձել են ոչ միայն ուղևորների, այլև տաքսի ծառայությունների աշխատանքի վրա։ Լուսինե Վարդանյանը պատմում է, թե ինչպես են փորձել կազմակերպել աշխատանքը վարորդների հետ։
«Անընդմեջ կապի մեջ ենք վարորդների հետ, իրենք անընդհատ զանգահարում են տարբեր խնդիրներով, որ խնդիրը, որ կարողանում ենք, տեղում շտկում ենք, փոխանցում ենք համապատասխան բաժին, սքրին շոտերով Մոսկվա ուղարկել կլինի, մի խոսքով, անընդմեջ կապի մեջ ենք վարորդների հետ։ վարորդներն էլ բոլորը շատ համբերատար սպասում մինչև խնդիրը կարգավորվի։»
Yandex Go-ն հրապարակային հայտարարությամբ ևս հայտնել էր, որ Հայաստանում որոշ ծառայություններ ժամանակավորապես անհասանելի են կամ աշխատում են ընդհատումներով։ Ընկերությունը ներողություն էր խնդրել օգտատերերից և խորհուրդ տվել ժամանակավորապես օգտվել այլ ծառայություններից։ Չնայած դժվարություններին Yandex–ի թիմը վստահ է՝ շատ շուտով կլուծեն առաջացած խնդիրները և կանցնեն բնականոն հունի։
Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան փոխկապակցված է դարձել թվային աշխարհը, որտեղ մի երկրում ենթակառուցվածքի վնասումը կարող է հետևանքներ ունենալ նաև հազարավոր կիլոմետրեր հեռու։ Տվյալների կենտրոններն այսօր ապահովում են ոչ միայն առանձին հավելվածների, այլև բազմաթիվ բիզնեսների ու առօրյա ծառայությունների աշխատանքը։ Իսկ երբ այդ համակարգերում խափանումներ են առաջանում, դրանց ազդեցությունը դուրս է գալիս տեխնիկական խնդրի սահմաններից՝ հասնելով մարդկանց առօրյա կյանքին և հիշեցնելով թվային ենթակառուցվածքների կայունության ու պահուստային լուծումների կարևորության մասին։