Ֆրանսիայի դպրոցները վերածվել են վտանգավոր վայրերի. Լը Պեն

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո ֆրանսիական աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ Ֆրանսիայի դպրոցները վտանգավոր վայրերի են վերածվել։

«Դպրոցները, որոնք պետք է անվտանգության օջախներ լինեին, այսօր վերածվել են վայրերի, որտեղ մարդու կյանքը կարող է վտանգի ենթարկվել։ Անվտանգությանը սպառնացող վտանգը ներթափանցել է ուսումնական հաստատությունների պատերի ներս», — գրել է Լը Պենը X սոցիալական ցանցի իր էջում։

Երկուշաբթի ավելի վաղ Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Օբան քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել էին դպրոցի տնօրենն ու ուսուցիչներից մեկը:

Ըստ BFMTV-ի՝ ֆրանսիական իրավապահ մարմինները միջադեպի առնչությամբ ձերբակալել են 14-ամյա դեռահասի։ Մարսելի դատախազությունը քրեական գործ է հարուցել սպանության փորձի հատկանիշներով։ Ձերբակալվածը նախկինում ֆրանսիական իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չի հայտնվել։

Հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին՝ հեռուստաալիքը նշել է, որ միջնակարգ դպրոցում տեղի ունեցած կրակոցները կապված չեն երկրում ներկայումս ընթացող ավագ դպրոցի աշակերտների լայնածավալ բողոքի ակցիաների հետ։

Leave a Comment