«Ուկրաինան պատրաստ է զերծ մնալու ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց, նույնը ակնկալում է Ռուսաստանից»,-Վլադիմիր Զելենսկիի այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ռուս–ուկրաինական պատերազմում ժամանակավոր հրադադար կարող է լինել։
Նման պահանջ–առաջարկը ԱՄՆ նախագահինն է։ Դոնալդ Թրամփը դեռ սեպտեմբերին էր հորդորել կողմերին չհարվածել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին։
Կտրուկ հայտարարություններ, նախապայմաններ և ժամանակավոր հրադադար․ անցած հանգստյան օրերն աչքի ընկան կոշտ, կտրուկ և շրջադարձային հայտարարություններով, որոնց հաջորդեցին որոշակի զարգացումներ ռուս-ուկրաինական պատերազմը ժամանակավորապես դադարեցնելու հարցում։
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Մոսկվան ու Կիևը համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի առաջարկի շուրջ։
Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրեց, որ Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են էներգետիկ հրադադար հաստատել, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ ողջունում է համաձայնագիրը։
Թրամփի գրառման մեջ նշվում էր, որ հրադադարն ուժի մեջ է մտնում անմիջապես, սակայն պայմանների վերաբերյալ մանրամասներ չկային։ Թրամփը պարզապես գրել էր՝ «Մի՛ խախտեք այն»։
Մոսկվան անմիջապես չմեկնաբանեց այդ հայտարարությունը, իսկ Սպիտակ տունը պարզաբանումներ չտվեց նախագահի գրառման վերաբերյալ։
Խոսեց Զելենսկին․ «Ուկրաինան ողջունում է հրադադարի և պատերազմի ավարտի հասնելու բոլոր անկեղծ ու վստահելի ձևաչափերը։ Ուկրաինան պատրաստ է զերծ մնալու ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց, և մենք ակնկալում ենք նույն պատրաստակամությունը Ռուսաստանից։ Հույս ենք դնում ԱՄՆ նախագահի ձեռք բերած պայմանավորվածության վրա։ Մենք ողջունում ենք նման պայմանավորվածությունը»։
ԱՄՆ նախագահը բավական կտրուկ հայտարարել էր նաև, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք՝ ակնարկելով, որ Զելենսկին բավարար ջանքեր չի գործադրել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, և որ պետք է մի առաջնորդ, որ կարողանա գործարք կնքել։
Թրամփն ասել էր․ «Զելենսկին կարող էր կարգավորել այս պատերազմը, շատ ու շատ անգամներ, բայց նա որոշեց չանել դա։ Շատ բարդ իրավիճակ է։ Սա մի պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր։ Մենք ասացինք նրան՝ կարող ես Ռուսաստանի հետ ինչ ուզես անել, բայց մի՛ հարվածիր նավթավերամշակման գործարաններին, քանի որ դա համաշխարհային խնդիր է առաջացնում։ Իսկ նա ցանկանում է խնդիրներ ստեղծել աշխարհի համար։ Նա ցանկանում է խնդիրներ ստեղծել մեր գյուղատնտեսների և անասնապահների համար՝ կապված դիզելային վառելիքի հետ, քանի որ Ռուսաստանն ապահովում է աշխարհում դիզելային վառելիքի մեծ մասը։ Եվ ի՞նչ է նա անում։ Նա գնում և հարվածում է դիզելային վառելիքի օբյեկտներին»։
Ի պատասխան՝ Զելենսկին հերքեց Թրամփի մեղադրանքները, որ ինքը պատերազմ է ուզում․ «Ուկրաինան խաղաղություն է ուզում։ Հարցն այն է՝ արդյո՞ք Ռուսաստանը նույնն է ուզում։ Ուկրաինայի զինված ուժերը ստացել են բոլոր համապատասխան հրամանները։ Մենք սպասում ենք Ամերիկայի և Ռուսաստանի միջև երկխոսության հստակ մանրամասների և ակնկալում ենք, որ Պուտինը կկատարի այն, ինչ ասել է նախագահ Թրամփը»։
Ուկրաինայում նոր առաջնորդ ունենալու Թրամփի հայտարարությանը հաջորդեց SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի հստակեցումը՝ ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ ունենա, քանի որ Զելենսկին չափն անցել է։
Ի պատասխան՝ Զելենսկին հստակեցրեց, որ Ուկրաինան կարող է ընտրություններ անցկացնել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի։
Մոսկվայի արձագանքը չուշացավ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահը պետք է շատ բարդ ու պատասխանատու որոշումներ ընդունի՝ պատերազմը դադարեցնելու համար։ Կրեմլը համարում է, որ Զելենսկին նման քաղաքական կամք չի դրսևորում։
Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի համաձայնության մասին հայտարարությունից հետո, ըստ Axios-ի, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հետաձգել են իրենց այցը Մոսկվա, որը նախատեսված էր այս շաբաթ։ Մամուլը նաև հիշեցնում է, որ անցած շաբաթ Մայամիում ուկրաինական պատվիրակության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև բանակցությունները հաջող ընթացք չէին ունեցել, ինչը հանգեցրել էր հանդիպումների վաղաժամ ավարտին։
Ավելի ուշ Fox News-ի եթերում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենեթը պաշտպանել է Թրամփի վարչակազմի հայտարարությունը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ դիզելային վառելիքի ներկրման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Այդ համաձայնությամբ կողմերը նպատակ ունեն մեղմելու գնաճը Միացյալ Նահանգների ներքին շուկայում։ Բեսենթը մանավորապես ասել է, որ պայմանավորվածությունը բխում է ԱՄՆ շահերից և թույլ կտա իջեցնել վառելիքի գները: