Հոկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանում կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին, որն անցկացվում է «Եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» կարգախոսով։
Համաժողովը կենտրոնանալու է պաշտպանական համակարգերի ուժեղացման խնդրի վրա։ Ֆորումի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ անվտանգության ոլորտի պաշտոնյաների հետ։
Հայաստանում 2027 թվականի պաշտպանական բյուջեն նախատեսվում է հասցնել 616,5 մլրդ դրամի՝ նախորդ տարվա համեմատ ավելացնելով 53,5 մլրդ դրամով։ Ի՞նչ հնարավորություններ կստեղծի այս աճը բանակի համար, և որքանո՞վ կօգնի երկրի պաշտպանական կարողություններն ավելացնելուն։
Հայաստանի 2027 թվականի պաշտպանական ընդհանուր բյուջեն նախատեսվում է հասցնել 616,5 մլրդ դրամի։ Այս գումարի առավելագույն մասը՝ 613 մլրդը, ուղղվելու է «Պաշտպանության ապահովում» ծրագրին, այսինքն՝ զինված ուժերի ռազմական կարիքների ապահովմանը։
Նախորդ տարվա համեմատությամբ ռազմական ոլորտի հատկացումներն էականորեն ավելացել են։ 2027-ի ընդհանուր ֆինանսավորումը նախորդ տարվանից ավելի կլինի 53,5 մլրդ դրամով կամ շուրջ 9,5 %-ով։ Ինչ վերաբերում է ռազմական բուն կարիքներին՝ «Պաշտպանության ապահովում» ծրագրին, ապա ծախսերը 2026-ի 566 մլրդ դրամից կհասնեն 613 մլրդի։ «Ռադիոլուր»-ի հարցին, թե մասնավորապես ինչին է ուղղվելու նախատեսված հավելյալ գումարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ճեպազրույցում հակիրճ էր արձագանքել․ «Մեր բանակի բնականոն զարգացումը ապահովելու համար»։
Հարցի մասին, թե ինչ է արվել և արվում բանակի համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաև ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի մտահոգություններին․

«Առաջին գործարանային արտադրության D 30 հրանոթը ՀՀ-ն ստացել է 2024 թ.-ին։ Դրանից առաջ ԶՈՒ պատմության մեջ ՀՀ ոչ մի հատիկ նոր գործարանային արտադրության D 30 հրանոթ չի եղել։ Ուզում եք ճշմարտությո՞ւնը, սա է ճշմարտությունը։ Ուզո՞ւմ եք ճշմարտությունը բանակի մասին ուղիղ նստեք և նայեք դեպի աջ և կիմանաք ամբողջ ճշմարտությունը բանակի մասին, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի համար նախատեսված պահեստում։ Ասե՛ք ճշմարտությունը՝ ուզում եք ճշմարտությունը բանակի մասին»։
Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ պաշտպանական բյուջեի ավելացումը կարող է ընդլայնել բանակի զարգացման հնարավորությունները, սակայն ֆինանսավորման ծավալն ինքնին դեռ արդյունքի երաշխիք չէ։ Լրացուցիչ միջոցների նշանակությունը գնահատելիս կարևոր է հասկանալ, թե դրանք ինչ փոփոխություններ կարող են ապահովել սպառազինության, կադրային համալրման և համակարգային բարեփոխումների ուղղություններով։ Ռազմական փորձագետ, APRI Armenia-ի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը բյուջեի աճը դիտարկում է հենց այս համատեքստում․
«Ավելի շատ ռեսուրսներ, ավելի շատ հնարավորություններ են տալիս թե՛ բարեփոխումների տեսանկյունից, թե՛ գնումների, և ինչն է նաև կարևոր՝ պայմանագրային զինծառայողների քանակը շարունակական ավելացնելը։ Նոր բյուջեն մոտավորապես հավասարվեց 2025 թվականի բյուջեին, որը ամենամեծն էր Հայաստանի պատմության ընթացքում»։
Փորձագետը միաժամանակ նկատում է՝ 2025-ին պաշտպանական բյուջեն Հայաստանի ՀՆԱ-ի 6, իսկ այժմ 4,5 %–ն է կազմում։ Մասնաբաժինը փոքրացել է ոչ թե հատկացումների նվազման, այլ ՀՆԱ-ի աճի համատեքստում։
Ռազմական փորձագետը շեշտում է «Պաշտպանության ապահովում» ծրագրի կարևորությունը, որը երկարաժամկետ ներդրումներ և նոր կարողությունների ձևավորում է ենթադրում։ Ներսիսյանի խոսքով, սակայն, պաշտպանության ոլորտում արդյունքը միշտ չէ, որ տարեվերջին տեսանելի է․
«Տեսնել, օրինակի համար, այդ նույն զենք ու սպառազինության շուկայում ինչ է կատարվում, Հայաստանը ինչ նոր ձեռքբերումներ ունի։ Տեսնել, թե բարեփոխումների հետ կապված, ասենք, տարվա կտրվածքով ինչ աշխատանք է արվել, տեսնել այդ նույն պայմանագրային զինծառայողների հետ կապված ի՞նչ նորություններ կան, ի՞նչ աճ կա։ Դա բավականին ակնհայտ ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ ահագին ծախս է արվել, որը կարելի է մոտավորապես հաշվարկել»։

Հայաստանի պաշտպանական ծախսերի աճն ավելի ակնառու է երկարաժամկետ համեմատության մեջ։ 2020-2023 թթ․ Հայաստանի պաշտպանական բյուջեն չի հատել 700 մլն դոլարի սահմանը, որը ներկայիս փոխարժեքով մոտ 253 մլրդ դրամ է։ Դրանից առաջ էլ պաշտպանական ծախսերը առավելապես տատանվել են 400-600 մլն դոլարի միջակայքում։ 2027-ին պաշտպանական բյուջեն 1,7 մլրդ դոլար է լինելու։ Եթե պահպանվեր ՀՆԱ-ի նկատմամբ պաշտպանական ծախսերի 2025-ի հարաբերակցությունը, ցուցանիշը կարող էր հասնել շուրջ 2,1 մլրդ դոլարի։ Սակայն ներկայիս մոտեցման հիմքում, Ներսիսյանի գնահատմամբ, տնտեսական աճի շարունակությունն է՝ որպես երկարաժամկետ փոփոխությունների հիմք․
«Ահագին տարբերություն կա և այստեղ պետք է այդ ճիշտ բալանսը գտնել։ Եթե չափից շատ էլ բարձրացնում ենք, այստեղ ուրիշ խնդիր էլ կարող է լինի, որ տնտեսությունը ավելի քիչ է սկսում աճել»։
Ներսիսյանի խոսքով՝ ավելի մեծ բյուջեն ինքնին չի նշանակում ավելի մեծ արդյունք։ Կարևոր է նաև, թե ինչպես է կառավարվում գումարը և ինչքանով է արդյունավետ օգտագործվում։ Մասնագետը բերում է Սաուդյան Արաբիայի օրինակը․ այդ երկիրը միշտ ունեցել է աշխարհում 3-րդ կամ 4-րդ ռազմական բյուջեն, բայց ոչ ամենամարտունակ բանակներից մեկը․
«Այո՛, ունեն ամենաթանկ զինտեխնիկան աշխարհում, բայց բանակն էֆեկտիվ չի։ Դրա համար ծախսերը շատ կարևոր կոմպոնենտներից մեկն է, բայց բարեփոխումները և ամենակարևորը՝ շարունակական բարեփոխումները, առանց կանգ առնելու, շատ կարևոր ուղղություն է»։
Հայաստանի պաշտպանական ծախսերը տարածաշրջանային համատեքստում դիտարկելիս տարբերություններ ևս կան։ Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության համար նախատեսված է ավելի քան 5 մլրդ դոլար։ Ռազմական վերլուծաբանի գնահատմամբ՝ այդ գումարից շուրջ 4,5 մլրդն է ուղղվում բուն պաշտպանական ծախսերին, այսինքն՝ Հայաստանի ցուցանիշից մոտ երեք անգամ ավելի։ Եռակի տարբերությունը վատագույնը չէ, որ ունեցել ենք՝ ասում է Ներսիսյանը․
«Եղել են ժամանակներ, երբ 6-7 անգամ է գերազանցել։ Ելնելով նրանից, որ այդ երկիրն ավելի մեծ է, բանակը ավելի մեծ է, զորատեսակներ ունեն, որ մենք չունենք, օրինակ, նավատորմ․ այդ ամենից ելնելով՝ 3 անգամի հետ գոնե «աշխատել» հնարավոր է, եթե շատ էֆեկտիվ լինենք»։
Փորձագետի ամփոփմամբ՝ 2027 թվականի պաշտպանական բյուջեն մասշաբներով է տարբերվում մեկ տասնամյակ առաջ ունեցած ցուցանիշից, բայց վերջնական արդյունքը գնահատվում է ոչ թե միլիարդներով, այլ ձևավորվող իրական պաշտպանական կարողություններով։