Ազգային ժողովը վավերացրել է Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն անցկացնելու մասին համաձայնագիրը։ Խորհրդարանական քննարկումն ուղեկցվել է միջոցառման կազմակերպման ծախսերի շուրջ բանավեճով։ Ընդդիմադիր պատգամավորները կասկածի տակ են դրել նվերների և ժամանակավոր կառույցների համար հատկացված գումարների հիմնավորվածությունը, իսկ իշխանության ներկայացուցիչները պաշտպանել են համաժողովի կազմակերպման կարևորությունը։ Նախագիծն ընդունվել է 68 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։
COP17-ի մեկնարկից մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովը քննարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Երևանում անցկացնելու մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Փոխնախարարի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականին՝ Նյու Յորքում։ Մինչև Ազգային ժողով ներկայացվելը այն անցել է ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը։
«Համաձայնագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և կոնվենցիայի քարտուղարության փոխադարձ պարտավորությունները՝ համաժողովի կազմակերպման և անցկացման իրավական, ֆինանսական, վարչական ու կազմակերպչական հարցերի առնչությամբ»։
Համաձայնագրով կարգավորվում են համաժողովի անցկացման վայրի և անհրաժեշտ ենթակառուցվածքների տրամադրման, տեխնիկական և հաղորդակցման միջոցների ապահովման, պատվիրակությունների ընդունելության և այլ հարցեր։
Խորհրդարանական քննարկման առանցքային թեմաներից մեկը համաձայնագրի ֆինանսական կողմն էր՝ համաժողովի ծախսերը, դրանց բաշխումն ու արդյունավետ օգտագործման նկատմամվ վերահսկողությունը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը հակասություն էր տեսնում Ֆինանսների նախարարության տեղեկանքի և համաձայնագրով նախատեսված պարտավորությունների միջև։
«Ֆինանսների նախարարության տեղեկանքով ասում է, որ դա պետության առաջ ֆինանսական պարտավորություն, ըստ էության չի առաջացնում։ Բա այդ հակասությունը ո՞նց եք ներկայացնում։ Բա, որ COP17 էինք կազմակերպում, բյուջեում ի սկզբանե գումարներ նախատեսված չի եղե՞լ։ Այս համաձայնագրում գրված է, որ Դուք քարտուղարությանն իր գումարը պիտի փոխանցած լինեիք ինն ամիս առաջ։ Փողը չեք փոխանցե՞լ։ 2024 թվականին է որոշվել, որ COP17 պիտի անցկացվի, հիմա որ թիվն է»։
Ի պատասխան՝ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը, հղում արեց Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիային և հավելեց, որ պայմանագրով պետության պարտավորված լինելու համաձայնությունը կարող է արտահայտվել նաև ստորագրությամբ։ Իսկ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու երկարատև ընթացքը, ըստ փոխնախարարի, պայմանավորված է հավելվածների շուրջ ընթացող բանակցություններով։
Ինչո՞ւ է ավելի լավ. «Համաձայնագրի վերջնականացումը նախատեսում է երկարատև բանակցային գործընթաց։ Ես ինչպես նշեցի, բացի համաձայնագրի բուն բանակցային գործընթացից տեղի է ունեցել համաձայնագրի հավելվածների բանակցային գործընթացը»։
Քննարկումը չսահմանափակվեց համաձայնագրի իրավական դրույթներով ու պետության ֆինանսական պարտավորություններով։ Ընդդիմադիրները հարցեր ունեին նաև համաժողովի շրջանակում իրականացվող գնումների վերաբերյալ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի խոսքով՝ կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար շուրջ 290 միլիոն դրամ է ծախսել, ինչն ըստ պատգամավորի, արդունավետ չէ։
«Ձեռք բերեցի մեր շուկայում առկա, լավ որակի չորս տարբեր մոդելի թերմոս։ Դրանց արժեքը տատանվում է 2000-ից մինչև 3500 դրամի սահմաններում։ Եթե ես դրանց վրա անեի բրենդային տպագրություն, կծախսեի ևս 1000 դրամ՝ ձեր ձեռք բերած 7800-ի փոխարեն»։
Ընդդիմադիրների քննադատությանը արձագանքեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ դրանց բովանդակությանը հակադրելով համաժողովի տնտեսական ու քաղաքական նշանակությունը։
«Ձեր կռիվը բեյջի թելի հետ չի։ Ձեր կռիվը թերմոսի հետ չի։ Ձեր կռիվը Հայաստանի պետականության հետ է․ Ձեզ «ձեռք չի տալիս», որ ՀՀ-ն անկախ պետություն է ու ՀՀ-ն կազմակերպում է այնպիսի միջոցառում, որին աշխարհի 190 երկրից մասնակցելու է 15 հազար մարդ։ Որի տնտեսական էֆեկտը շատ դժվար է գերագնահատել և դժվար է գերագնահատել դրա քաղաքական էֆեկտը»։
Ընդդիմադիրները խոսեցին նաև «Մերիդիան» կենտրոնում, որտեղ պետք է անցկացվի համաժողովը, ժամանակավոր շինություններ կառուցելու համար ծախսված միլիոնավոր դոլարների արդյունավետության մասին։
«Ոչ մեկը չի ասում այդ Մերիդիանին ինչքա՞ն փող է տալիս պետությունը։ Ի՞նչ շինություններ են այնտեղ կառուցվում։ Միլիոնավոր դոլարներ է ծախսված այդ Մերիդիանում՝ ժամանակավոր շինություններ կառուցելու համար»։
Այս դժգոհությանն էլ հակադարձեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
«Շուրջ 190 երկրից ղեկավարներ, շուրջ 15 հազար պաշտոնյաներ գալիս են ՀՀ մեր ընդդիմությունը եկել է այս ամբիոնից բողոքում է, թե ինչի եք COP17-ի համար նախատեսված աթոռներին 16 հազար դրամ փող տալիս։ Ժողովուրդ, ի՞նչ անեինք բա։ Իշավոտնուկ դնեինք։ Իշավոտնուկի վրա բերեինք նախագահներին նստեցնենք»։
Ի վերջո, համաձայնագրին խորհրդարանական մեծամասնությունը կողմ քվեարկեց, փոքարամասնությունը ՝ դեմ կամ ձեռնպահ։ Փաստաթուղթն ընդունվեց 68 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։
Ի դեպ, ԱԺ քննարկմանն արձագանքել է նաև Շրջակա միջավայրի նախարարությունը։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ կազմակերպիչ ընկերությունների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի կողմից, իսկ գնումները կատարվել են միջազգային կառույցի սահմանած չափորոշիչներով։