
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի մյուս պաշտոնյաների աշխատավարձերը նախատեսվում է զգալիորեն բարձրացնել։ Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, ավագանու նիստում կքննարկվի աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգի նախագիծը, որի ընդունումից հետո նոր դրույքաչափերը կգործեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Նախագծով առաջարկվում է աշխատավարձերը հաշվարկել պետական պաշտոնյաների վարձատրության համար կիրառվող սկզբունքով՝ բազային աշխատավարձը բազմապատկելով յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված գործակցով։
Ըստ նախագծի՝ Ավինյանի ամսական աշխատավարձը ներկայիս 1 միլիոն 320 հազար դրամից կհասնի 2 միլիոն 80 հազարի։ Քաղաքապետի առաջին տեղակալինը կբարձրանա շուրջ 894 հազար դրամով՝ հասնելով 1 միլիոն 913 հազարի, իսկ մյուս տեղակալներինը՝ շուրջ 878 հազարով՝ կազմելով 1 միլիոն 830 հազար 400 դրամ։
Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը ներկայիս 850 հազար դրամից կհասնի 1 միլիոն 248 հազարի, իսկ քաղաքապետի խորհրդականներինը՝ 629 հազարից 915 հազար 200 դրամի։
Երևանի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը հաջորդում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրությունն ավելացնելու կառավարության որոշմանը։
Գործադիրն ավելի վաղ հավանություն էր տվել օրենսդրական փաթեթի, որով 2027 թվականից նախատեսվում է զգալիորեն բարձրացնել նախագահի, վարչապետի, նախարարների, պատգամավորների և պետական այլ պաշտոնյաների աշխատավարձերը։ Այդ նպատակով հաջորդ տարի նախատեսվում է ծախսել ավելի քան 25 միլիարդ դրամ։
Նախագծի համաձայն՝ նախագահի և վարչապետի ամսական աշխատավարձերը կհասնեն 2 միլիոն 600 հազար դրամի, նախարարներինը՝ մոտ 2 միլիոնի, իսկ պատգամավորներինը՝ շուրջ 1,5 միլիոն դրամի։ Ընդ որում, աշխատավարձերի բարձրացումը չի վերացնում պարգևավճարների գործող համակարգը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությունները բարեփոխում էր անվանել՝ պնդելով, որ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է արդյունավետ կառավարում ապահովելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար։