….«ես ձեր հնարած սուպերինտելեկտի» մարմնացումն եմ. Հակոբ Բադալյան

«Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնսիկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։

Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա», այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։

Ըստ երեւույթին, շատ շուտով, դպրոցներում պատմության փոխարեն կդասավանդեն ապագա։ Օրինակ, Հայոց պատմությունը դարձրին Հայաստանի պատմություն։ Հաջորդիվ՝ Հայաստանի պատմությունը կդառնա Հայաստանի ապագա։

Խնդիրն այն է, որ, եթե պատմությունն այն է, ինչ պետք է տեղի ունենա, այլ ոչ թե տեղի է ունեցել, ապա ապագան էլ թերեւս տեղի ունեցածն է։ Հետեւաբար, պատմություն առարկան կվերանվանվի՝ ապագայի։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանի տրամաբանությամբ, իրական պատմությունն այն է, ինչ տեղի է ունենալու ապագայում, իսկ իրական ապագան այն է, ինչ տեղի է ունեցել անցյալում։

Այդպիսով, պետք է տեղի ունենա մեծ խմբագրում։ Օրինակ, հայ ժողովրդի Մեծ բանաստեղծի՝ «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական

Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան…» տողերը, պետք է վերաձեւակերպել՝ «ես եկել եմ ապագայից, ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի վառվող պատմություն»։

Ըստ ամենայնի, միջազգային հաջորդ որեւէ միջոցառման վարչապետ Փաշինյանը կարող է մոտենալ ԱՄՆ նախագահ Թրամփին ու ոչ միայն հիշեցնելով իր մասին ասել՝ պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, այլ նաեւ ասել՝ «ես ձեր հնարած սուպերինտելեկտի» մարմնացումն եմ։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment