Ռուսաստանի կառավարությունը, ի կատարումն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնակիորեն վերացրել է ռուսական դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 10-ից և այս փուլում թույլ կտա համաշխարհային շուկա մատակարարել 500 հազար տոննա դիզելային վառելիք։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի կառավարությունից։
«Կառավարությունը որոշում է ընդունել Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մասնակիորեն վերացնելու մասին։ Որոշումն ընդունվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Այն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 10-ից և այս փուլում թույլ կտա համաշխարհային շուկա մատակարարել 500 հազար տոննա դիզելային վառելիք»,- հայտնել են կառավարությունից։
Որոշման համաձայն՝ ռուսական նավթային ընկերությունները կառավարության հետ համաձայնեցմամբ անմիջապես կսկսեն արտասահմանյան գործընկերների հետ դիզելային վառելիքի մատակարարման պայմանագրերի կնքումը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հավաստիացրել է, որ որոշումը չի անդրադառնա ռուսաստանցի սպառողների շահերին։
Հոկտեմբերի 9-ին Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև նավթամթերքի մատակարարումները։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է նավթ և նավթամթերք մատակարարել ԱՄՆ-ին և համաշխարհային շուկաներին։
Նովակի խոսքով՝ Ռուսաստանը դիզելային վառելիքի արտահանման արգելքը վերացնում է նախապես ծրագրված ժամկետներից շուտ։ Հոկտեմբերին նախատեսվում է մատակարարել 300 հազար տոննա, նոյեմբերին՝ 500 հազար տոննա, իսկ դեկտեմբերին՝ 1 միլիոն տոննա դիզելային վառելիք։ Հեռանկարում մատակարարումները կարող են հասնել ամսական 3 միլիոն տոննայի։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմը մինչև 2027 թվականի ապրիլի 7-ը ռուսական դիզելային վառելիքի՝ համաշխարհային շուկաներ մատակարարումները հանել է ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից։