Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը Բաքվում անցկացված ձյուդոյի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում հաղթել է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ադրբեջանցի Զելիմ Կոցոևին, հայտնում է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF)։
Մինչև 100 կգ քաշային կարգում կայացած գոտեմարտը շարունակվել է լրացուցիչ ժամանակում՝ Golden Score կանոնով։ Ադամյանը ստացել է «յուկո» գնահատականը և դուրս եկել քառորդ եզրափակիչ՝ Կոցոևին դուրս թողնելով մրցաշարից։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կոցոևն ու նրա մարզիչը բողոքել են մրցավարների որոշման դեմ, սակայն այն մնացել է ուժի մեջ։
Ադամյանը 1/16 եզրափակչում հաղթել է կանադացի Քայլ Ռեյեսին, իսկ քառորդ եզրափակչում՝ Ուզբեկստանի ներկայացուցիչ Տուլկինբեկ Տուրդիևին։ Կիսաեզրափակչում նա պարտվել է ճապոնացի Դոտա Արաիին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում՝ իր հայրենակից Նիյազ Բիլալովին՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը։
Ադամյանը մինչև 100 կգ քաշային կարգում 2023 թվականի աշխարհի չեմպիոն է։ Նա 2025 թվականի աշխարհի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 2026 թվականի ապրիլին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Կոցոևը 2024 թվականին Փարիզում նվաճել էր օլիմպիական ոսկե մեդալ։ Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում նա պայքարից դուրս է մնացել Ադամյանին պարտվելուց հետո։
