Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի ռազմական բժիշկ Նիդալ Հասանը 2009 թվականի նոյեմբերի 5-ին, «Ալլահ աքբար» գոչելով, կրակ էր բացել ամերիկյան Ֆորտ–Հուդ ռազմաբազայում՝ սպանելով բուժզննման եկած անզեն ծառայակիցներից 13–ին։ Իր գործողությունները նա հետագայում բացատրել էր Աֆղանստանի մահմեդականներին ամերիկացիներից պաշտպանելու ցանկությամբ։ Այս արարքից 17 տարի անց որոշում է կայացվել նրան մահապատժի ենթարկել ուղիղ եթերում։ Սա 1945 թվականից ի վեր ԱՄՆ զինված ուժերում գնդակահարությամբ առաջին մահապատիժը կլինի։
56–ամյա Նիդալ Հասանին գնդակահարել առաջարկել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդամենը պաշտպանել է այն։ «Իմ սրտով է այն տրամադրվածությունը, որը մենք ունեցել ենք Երկրորդ համաշխարհայինի ժամանակ»,–ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Պենտագոնի ղակավարը Real America’s Voice պահպանողայան հեռուստաալիքի եթերում կողմ էր արտահայտվել նախկին զինվորականի՝ ուղիղ եթերում գնդակահարության գաղափարին։
«Մենք կապահովենք, որ մարդիկ կարողանան դա տեսնել, որ այն հասանելի լինի հանրությանը, որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ նման գործողություններին հետևում են լուրջ հետևանքներ։ Հասանին գնդակահարելու են։ Այդպես էլ պետք է լինի»։
2013 թվականին ռազմական դատարանը Նիդալ Հասանին մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր 32 մեղադրանքներով և դատապարտել մահապատժի։ Դատարանը հաստատված էր համարել, որ հանցագործությունը կատարվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսության ազդեցությամբ։ Այդ ժամանակից ի վեր Հասանը պահվում է Կանզաս նահանգի ռազմական բանտում։
Նրան անմիջապես չէին գնդակահարել ամերիկյան արդարադատության համակարգի առանձնահատկությունների պատճառով, որոնք բողոքարկման բազմաշերտ համակարգ են ենթադրում։ Այդ հարցում դերակատարություն է ունեցել նաև Միացյալ Նահանգների նախկին նախագահների քաղաքական դիրքորոշումը։
2025 թվականի սկզբին Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ում մահապատիժների իրականացումը կտրուկ աճել է։ Գնդակահարությունը որպես մահապատժի եղանակ թույլատրված է երկրի հինգ նահանգներում։
Այս իրադարձությունը սենսացիոն է մի քանի առումներով․ այն առաջին ռազմական մահապատիժն է ԱՄՆ–ում 1961 թվականից և զինվորականի առաջին գնդակահարությունը Երկրորդ համաշխային պատերազմից ի վեր։
Մահապատժի հեռարձակումն ուղիղ եթերում Միացյալ Նահանգների նորագույն պատմության մեջ աննադեպ է և կարող է նախադեպային դառնալ։ Բազմաթիվ շրջանակներ քննադատում են ԱՄՆ գործող իշխանությունների որոշումը, ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ այն ամերիկյան հասարակության պառակտման պատճառ կարող է դառնալ։ Բազմաթիվ երկրներում, որտեղ մահապատիժը դեռ կիրառվում է՝ Չինաստանում, Իրանում կամ ԱՄՆ որոշ նահանգներում, օրենսդրությունը արգելում է պատժի հրապարակային կիրառումը՝ էթիկայի, հումանիզմի, արժանապատվության նկատառումներից ելնելով։
Ամերիկյան ղեկավարությունը որոշման մասին հայտարարել է ճիշտ նույն օրերին, երբ աշխարհում բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ կրկին հայտարարում են մահապատժի անթույլատրելիության մասին։ Հոկտեմբերի 10–ը Մահապատժի դեմ պայքարի միջազգային օրն է։ Օրվա առթիվ իր ուղերձում ՄԱԿ–ը Վաշինգտոնի որոշումը համեմատել է կտտանքների հետ։
ՄԱԿ–ի մարդու իրավունքներով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Շաբիա Մանտուն Ժնևում լրագրողներին ասել է, որ հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը, մեկնաբանելով Աֆղանստանում կամ Իրանում նման մահապատիժները, ընդգծել է, որ դրանք անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող դրսևորումներ են։
«Մահապատժի հեռարձակումը հավասարեցնում է այն հանրային մահապատժի և խախտում է կտտանքների բացարձակ արգելքն ու դաժան, անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունը։ Այս ամենին չհետևելը անխուսափելիորեն հանգեցնում է կայամականությունների ու մարդու իրավունքների խախտման»։
ՄԱԿ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը բառերն ընտրելիս պակաս զգուշավոր է եղել։ Նա ասել է, մեջբերում եմ՝ «Այն որ կառավարությունը ինչ–որ մեկին գնդակահարում է տեսախցիկների առաջ, զզվանք է առաջացնում» ։
Կոշտ են եղել գնահատականները նաև երկրի ներսում․ Թրամփի կուսակից, սենատոր Թոմ Թիլին հայտարարել է, որ հրապարակային մահապատիժներով զբաղվում են ռեպրեսիվ բռնապետությունները։
Առանձին քննարկում են Նիդալ Հասանի դեմ ԱՄՆ իշխանությունների որոշման քաղաքական, գաղափարական և քարոզչական նպատակները՝ մատնանշելով ցուցադրական ահաբեկումը, պայքարի մեթոդների կոշտացումը։
Միջազգային լրատվամիջոցներն էլ այս իրադարձությունը համարում են իրավական նախադեպ և քաղաքական թատրոն։
Պենտագոնի ղեկավարն իր հարցազրույցում ասել էր՝ հրապարայաին մահապատժի դատապարտվածի հետ հանդիպելու են դեկտեմբերի 3–ին։ Պինդ նյարդեր ունեցողները այդ օրը հրավիրվում են էկրանների առաջ՝ դիտելու Նիդալ Հասանի գնդակահարությունը։