Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարում է, թե գոհ է ՊՆ աշխատանքից։ Ինչի՞ց եք գոհ,
Զոհերի՞ թվից, թե՞ բանակում տիրող իրավիճակից։
Կես տարվա ընթացքում տասնյակ զոհեր, և այսօր՝ կրկին զոհ։ Ես 30 տարի ծառայել եմ բանակում և երբեք նման խայտառակ իրավիճակ չեմ տեսել։
Ես՝ որպես սպա, լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ։ Պետք է ամեն դեպք մանրակրկիտ և անկախ քննվի՝ բացառելու համար որևէ այլ վարկած, այդ թվում՝ հակառակորդի հնարավոր մասնակցությունը։ Մեր զինվորների մահը չի կարող պարզապես թվերի ու պաշտոնական հաղորդագրությունների վերածվել։
Եթե հասկանում եք նամուս, թասիբ և սպայի պատիվ, ապա պատասխանատվություն կրեք և ճանապարհ տվեք նրանց, ովքեր ի վիճակի են բանակը ղեկավարել։ Բանակը պաշտոնի, ինքնահաստատման և սեփական ձախողումները թաքցնելու տեղ չէ։
Մեր երեխաների կյանքը մեզ համար անգին է։ Նրանք ձեր պաշտոնների գինը վճարելու համար չեն ծնվել։ Մենք մեր որդիներին բանակ ենք ուղարկում՝ վստահելով պետությանը։
Փաշինյան, ձեր գոհունակությունը չի կարող վերակենդանացնել զոհված զինվորներին։ Մեզ արդարացումներ պետք չեն, մեզ պետք է պատասխանատվություն, ճշմարտություն և անվտանգ բանակ։ Մեր երեխաների կյանքը ձեր պաշտոններից ու ձեր գոհունակությունից շատ ավելի թանկ է»։