Նավի Փիլայը՝ Նոբելյան մրցանակակիր․ Դոնալդ Թրամփն այդ որոշումը խայտառակություն է համարում

Խաղաղության Նոբելյան մրցանակը ոչ միայն անհատական ձեռքբերումների գնահատական է, այլև պատկերացում այն մասին, թե ինչն է միջազգային հանրությունը համարում կարևոր ներդրում խաղաղության ամրապնդման գործում։ Այս տարի էլ մրցանակն ստանալու լուրջ ակնկալիքներ ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սակայն Խաղաղության մրցանակը բաժին հասավ այլ գործչի՝ Նավի Փիլային։ Այս ընտրությունը հանրության ուշադրությունը կրկին հրավիրեց միջազգային իրավունքի և ծանր հանցագործությունների համար պատասխանատվության հարցերին։

Հոկտեմբերի 9-ին հայտարարվեց 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։ Մրցանակը ստացավ Նավանեթեմ Փիլայը, որին առավելապես ճանաչում են Նավի Փիլայ անունով։ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն մրցանակը շնորհել է նրան, գնահատելով պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ կատարված հանցագործությունների և ցեղասպանության համար պատասխանատվություն ապահովելու ուղղությամբ Փիլայի գործունեությունը։

Սակայն մրցանակակրի անունը հայտնի դառնալուց հետո, մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց մեկ այլ թեկնածու՝ ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ չարժանացավ այդ պարգևին։

«Սա անջնջելի խայտառակություն է Նորվեգիայի, ինչպես նաև այն մարդկանց համար, որոնք կայացրել են նման ամոթալի ու նվաստացուցիչ որոշում»։

Թրամփն այս խոսքերն ասել է Նոբելյան կոմիտեի հայտարարությունից ժամեր անց։ Նա Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված է համարել, իսկ կոմիտեին մեղադրել է ժողովրդավարության դեմ հանդես գալու համար։ Միաժամանակ նա ասել է, որ երբեք չի լսել Նավի Փլիայի մասին։

Իսկ ո՞վ է Նավի Փիլայը։

«2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է Նավանեթեմ «Նավի» Փիլային՝ խաղաղության և միջազգային իրավունքի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար»։

Փիլայը ծնվել է Հարավաֆրիկյան հանրապետությունում։ Նա իրավաբան է, պայքարել է ռասիզմի և ապարտեիդի դեմ ։ Հետագայում դատավոր է աշխատել Ռուանդայի ցեղասպանության գործերով միջազգային տրիբունալում, իսկ 2008–2014 թվականներին ղեկավարել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը։ Նա ղեկավարել է նաև ՄԱԿ-ի անկախ հետաքննող հանձնաժողովը, որը 2025-ին եզրակացրել էր, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայում։ Իսրայելը մերժել էր այդ եզրակացությունը, քննադատելով հանձնաժողովի գործունեությունը։ Այս հանգամանքը մրցանակի շուրջ քննարկումներին քաղաքական երանգ է հաղորդել։

Բայց Նավի Փիլայը մրցանակի շուրջ աղմուկին, մասնավորապես, Թրամփի մեկնաբանություններին հումորով է արձագանքել․

«Եթե մի փոքր ավելի շատ ծափահարեք, գուցե այս մրցանակը կիսեմ Թրամփի հետ»։

Փիլայի կատակը մրցանակի շուրջ աղմուկի ամենաուշագրավ դրվագներից մեկն է դարձել։ Բայց այս պատմությունը միայն Թրամփի դժգոհության կամ երկու գործչի հակադրության մասին չէ։ Մի կողմից՝  ԱՄՆ նախագահը պնդում է, որ իր խաղաղարար ջանքերն արժանի են միջազգային բարձրագույն ճանաչման, մյուս կողմից՝ Նոբելյան կոմիտեի ընտրությունը կարևորում է միջազգային իրավունքի և ծանր հանցագործությունների համար պատասխանատվությունը։

Ընդ որում՝ Դոնալդ Թրամփի դժգոհությունը կապված է ոչ միայն այս տարվա արդյունքի, այլև մրցանակի նկատմամբ նրա վաղեմի ակնկալիքների հետ։

«Ես կարգավորել եմ ութ պատերազմ՝ մեծ պատերազմներ, փրկելով միլիոնավոր կյանքեր։ Կարծում եմ՝ արժանի եմ Նոբելյան խաղաղության մրցանակին»։

Ի դեպ, Թրամփի թեկնածությունն առաջադրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու՝ ԱՄՆ նախագահի ջանքերի համար։

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 287 թեկնածու՝ 208 անհատ և 79 կազմակերպություն։ Նրանց ամբողջական ցանկը գաղտնի է պահվում, և առաջադրումների մասին տեղեկությունները կարող են հրապարակվել միայն 50 տարի անց։ Խաղաղության ոլորտի փորձագետների առանձնացրած հնարավոր թեկնածուների թվում էին Սուդանի արտակարգ արձագանքման խմբերը, «Լրագրողների պաշտպանության կոմիտեն» և ուկրաինացի Միկոլա Կուլեբան՝ պատերազմից տուժած երեխաներին օգնելու իր գործունեության համար։ Նրանց օրինակները ցույց են տալիս, որ խաղաղության համար պայքարը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ՝ միջազգային արդարադատությունից մինչև պատերազմի պայմաններում մարդկանց աջակցություն։

Leave a Comment