Աշխարհի շատ երկրների ղեկավարներ ու վերլուծաբաններ անակնկալի են եկել, երբ իմացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պայմանավորվածությունների մասին։ Դրանց մասին հայտարարվել է նախօրեին տեղի ունեցած նրանց հեռախոսազրույցից հետո։ Այժմ կարծիքներ են հնչում, որ այս պայմանավորվածությամբ կփոխվի ողջ աշխարհակարգը։
Ինչպե՞ս մի հեռախոսազանգ կարող է փոխել աշխարհի ճակատագիրը և վերադասավորել ուժերը աշխարհաքաղաքական կտրվածքով։ Շատ վերլուծաբաններ փակուղու առաջ են հայտնվել և դեռ փորձում են հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների մոտ 1.5 ժամ տևած հեռախոսազրույցը և նրանց պայմանավորվածությունները։ Ամերիկացի քաղաքագետ, հրապարակախոս և հայտնի բլոգեր Լեոն Վեյնշտեյնը Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցի ու պայմանավորվածությունների հետևանքները համեմատել է ցունամիի հետ, որը կարող է մեծ տարածքներ է ծածկել։ Վերլուծաբանը խորհուրդ է տալիս հիշել այդ պատմական օրը։
Լեոն Վեյնշտեյնը հիշեցնում է՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին մնացել է 3.5 շաբաթ։ Նա համոզված է, որ Թրամփը մեկ զանգով ստացավ էժան վառելիքի հույս, իսկ Պուտինը՝ պատժամիջոցների թուլացում։ Իսկ երկու մայրաքաղաք թիկունքից հարված ստացան, համոզված է Վայնշտեյնը՝ նկատի ունենալով Կիևն ու Թեհրանը։
Հոկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Պուտինի հետ պայմանավորվել է ամերիկյան և համաշխարհային շուկա ռուսական դիզվառելիքի մատակարարման մասին: Ըստ այդմ՝ դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը 300 000 տոննա կլինի։ Եվս 500 000 տոննա նախատեսվում է նոյեմբերին, և 1 միլիոն տոննա՝ դրանից անմիջապես հետո։ Բացի այդ, կախված Ռուսաստանի նավթային վերամշակման գործարանների վիճակից, Մոսկվան կարճ ժամանակահատվածում կմատակարարի ևս 3 միլիոն տոննա դիզելային վառելիք։
Թրամփը գոհ է այս պայմանավորվածություններից։ Նա ռուս պաշտոնակցի հետ զրույցը «արտակարգ հաջող» է որակել։ Կրեմլից նույնպես արդեն դրական գնահատականներ են հնչում՝ կապված պատժամիջոցները թուլացնելու որոշման հետ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի թաքցրել, որ հեռախոսազրույցի մի հատվածն էլ նախագահները հատկացրել են ռուս–ուկրաինական պատերազմը քննարկելու համար։
Կիևից, սակայն, խիստ բացասական և կտրուկ գնահատականներ են տրվում հեռախոսազրույցին։ «Ներդրում պատերազմի մեջ», «թուլության դրսևորում և անարդար քայլ», «թույլ որոշում՝ ուժեղ գործընկերների կողմից», գործարք Ուկրաինայի թիկունքում և հարձակումները շարունակելու դիրքորոշում․այս ձևակերպումները տեղ են գտել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսկու գնահատականներում։
Ամերիկյան Axios թվային լրատվական գործակալությունը, անդրադառնալով ռուս–ամերիկյան նոր գործարքին, գրել է, որ այն կնքվել է, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անտեսել է ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները դադարեցնելու Վաշինգտոնի բազմաթիվ հորդորները։ Axios-ը վկայակոչում է իրավիճակին անմիջականորեն ծանոթ ամերիկացի պաշտոնյաներից մեկին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինական հարձակումների շարունակվելն այն հիմնական պատճառներից էր, որոնք դրդեցին Թրամփին Պուտինի հետ պայմանավորվելու ռուսական դիզվառելիքի արտահանմանն առնչվող քայլերի շուրջ։
Ի դեպ, այն նաև յուրօրինակ ծննդյան նվեր էր Ռուսաստանի նախագահին։ Յուրի Ուշակովը բացահայտում է, որ հեռախոսազրույցում պայմանավորվածությունները սկսվեցին Պուտինի ծննդյան պաշտոնական շնորհավորանքը փոխանցելու ժամանակ։ Այդ ընթացքում աշխատակազմին փոխանցվել էր նաև Թրամփի ցանկությունը՝ անձամբ խոսելու Պուտինի հետ։ Ուշակովը «Կոմսոմոլսկայա պրավդա»–ին է փակագծեր բացել, ինչպես ինքն է ձևակերպել՝ «պայմանավորվածությունների խոհանոցից»։
Axios–ի տվյալներով՝ Վաշինգտոնում հույս ունեն, որ էներգետիկ գործարքը կօգնի իջեցնելու վառելիքի գները և Մոսկվային կստիպի զիջումների գնալ խաղաղ բանակցություններում։ Այս թեմայի շրջանակներում շոշափվում է նաև Թեհրանի հարցը։
Չնայած իրանական կողմի հերքումներին, Թրամփը դարձյալ պնդել է, որՄիացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ, և ըստ նրա՝ այդ փաստը և ռուսների հետ դիզվառելիքի շուրջ պայմանավորվածությունը կնպաստեն գների նվազմանը: Սոցցանցում իր հերթական գրառումը Թրամփն այսպես է ավարտել. — «Պետք է հասկանալ, որ Իրանը միջուկային զենք չի՛ ունենալու»:
Ինչ ազդեցություն կարող են ունենալ այս որոշումները Հայաստանի վրա։ Վերլուծաբանները դեռ չեն շտապում գնահատել։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը պարզապես արձանագրում է․
«Ալեկոծվող աշխարհ է։ Ես պետք է ասեմ, որ ոչ կայուն իրավիճակում է գտնվում աշխարհը, ամեն ինչ ամեն օր փոխվում է։ Առանձին դեպքերում մեծ խաղացողները այնքան տարօրինակ որոշումներ են կայացնում, որ ապշեցնում է դա»։
Քաղաքագետը, ամեն դեպքում, նաև խորհուրդ է տալիս պաշտոնական Երևանին այս փուլում ուշադիր լինել և հաշվի նստել, օրինակ, այն հանգամանքի հետ, որ Թրամփի վարչակազմը միանշանակ չի ընկալում Իրանի հետ տարբեր պետությունների բարիդրացիական հարաբերությունները։
«Քանի որ շատ են սրվում Թրամփի հարաբերությունները Իրանի հետ, շատ ցավոտ է ընկալում Թրամփը, իր թիմը՝ ցանկացած կոնտակտ, համագործակցություն Իրանի հետ։ Ես համոզված չեմ, որ պետք է այդքան ակնհայտ մենք այդ հարցը տարածենք։ Շատ լավ հարաբերություններ են Իրանի հետ։ Հիմա ռազմավարական մակարդակի ենք անցնում։ Որ պետք է աշխատենք Իրանի հետ, ես համաձայն եմ ու այդ աշխատանքը գնում է։ Բայց հիմա գնում է այն փուլը, երբ Միացյալ Նահանգները շատ ցավոտ են նայում ցանկացած համագործակցության, եթե այդ համագործակցությունը Իրանի հետ է»։
Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության կամ համագործակցության պայմանագրի ստորագրման հստակ ամսաթիվ պաշտոնապես չի նշվում, սակայն Թեհրանը այն շուտափույթ կնքելու ակնկալիքներ ունի, իսկ երկու երկրների ղեկավարները հայտարարում են հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու մասին։