Բռնության դեմ պայքարի «անվան» ներքո Հայաստանի հանրությանը կամազուրկ օրգանիզմի վերածելու «նուրբ արվեստը». Հակոբ Բադալյան

Թրեյնինգներ կամ ինչ որ այլ ինստրուկտաժներ անցած մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ «հանցակից» են որակում ծնողին, որն իր երեխայի նկատմամբ ուսուցչի խիստ գործողությունից չի փորձում ստանալ տիեզերական աղմուկ։ Ինչ որ մարդիկ, որ այդ երեխայի տեղն էլ չեն իմացել մինչ «առիթը», հիմա դարձել են երեխայի ծնողին՝ իր երեխայի հանդեպ «հանցակից» որակող, ինչ է թե ծնողը չի ցանկանում լինել տիեզերական աղմուկի գեներատորներից մեկը։

Տիեզերական աղմուկ, որի նպատակը Հայաստանի հանրության՝ ինքն իր հանդեպ թերարժեքության ու մեղքի զգացումով վարակելն է, այդ վարակը խորացնելը։ Հայաստանի հասարակությունից ստանալ «բռնարարի մեղքի բարդույթ», ու հետո առաջարկել այդ «բարդույթի հաղթահարման» ինչ որ մոգական միջոցներ, որոնք ըստ էության այլ բան չեն, քան ընդամենը բավականին ամուր «փոխկապակցվածություն» առաջացնող դրամաշնորհներ։

Իսկ ինչի՞ է ընդունակ «բռնարարի բարդույթով» համակված հանրությունը։ Ոչնչի՝ իր հանդեպ ներողամտություն հայցելուց բացի։

Բռնությունը դատապարտելի՞ է՝ իր բոլոր դրսեւորումներով հանդերձ։ Իհարկե, այստեղ խոսելու բան էլ չկա։ Հայաստանի հանրությունը բռնության մշակույթի կրո՞ղ է։ Ոչ։ Ագրեսիվության բարձր աստիճան կա՞։ Այո։ Դա բռնության մշակույթի կրող լինելու դրսեւորո՞ւմ է։ Ոչ, դա Հայաստանում ագրեսիայի կոդով քաղաքական ոճի եւ մեթոդի հանրային մետաստազ է, որը խորացել է նաեւ ծանր պարտության ու կորուստների հետեւանքով։

Դրա հաղթահարմա համար հանրությանը «բռնարարի բարդույթով» համակելն օգտակա՞ր է։ Բացարձակ։ Եվ հակառակը՝ դա բերում է ագրեսիայի գործակցի անհաղթահարելիության, որովհետեւ «բռնարարի բարդույթը» ծայրահեղություն է՝ որ ներշնչվում է հանրությանը, եւ դրանից առաջ է գալիս մյուս ծայրահեղությունը՝ առաջին ծայրահեղությանը դիմադրելու մղումով։

Հանրագումարում՝ երկու ծայրահեղությունների մեջ ընկած հանրությունը պարզապես վերածվում է կամազուրկ օրգանիզմի։ Բնական է, որ այդ օրգանիզմի հետ կարելի է վարվել ըստ հայեցողության՝ թե ներսից, թե դրսից հայեցողության։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment