Եկեղեցու ղեկավարության արձագանքը կանխատեսելի էր։ Մայր Աթոռը կրկին ընտրեց դատապարտումների և մեղադրանքների ճանապարհը՝ առանց անդրադառնալու սեփական պատասխանատվությանը։ Մինչդեռ հասարակությունը վաղուց հստակ պատասխաններ է սպասում Եկեղեցու ներսում կուտակված խնդիրների, կառավարման եղանակների և խորացող հակասությունների վերաբերյալ։ Այդ հարցերը չեն վերանա իշխանությունների միջամտությունը դատապարտելով։ Դրանց բաց ու անկեղծ քննարկումն է, որ կարող է վերականգնել հանրային վստահությունը և ամրապնդել Եկեղեցու հեղինակությունը։
Եկեղեցին ուներ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու բացառիկ հնարավորություն։ Եպիսկոպոսների ժողովը կարող էր հանդես գալ համարձակ առաջարկով. պատրաստ ենք բաց քննարկման, եկեղեցական ներկայացուցիչներին ևս ներգրավեք ուսումնասիրության գործընթացում, իսկ հանրային լսումներն անցկացնենք նաև Սուրբ Էջմիածնում։ Պատրաստ ենք ներկայացնել փաստաթղթերը, պատասխանել հարցերին, քննարկել բարձրացված խնդիրները՝ պահպանելով սահմանադրական և կանոնական իրավասությունների սահմանները։
Այդպիսի հայտարարությունը կփոխեր ամբողջ քննարկման ընթացքը։ Մայր Աթոռը հասարակությանը կներկայանար սեփական խնդիրները քննելու պատրաստ հաստատության դիրքերից։ Կստիպեր նաև իշխանությանը բացահայտել իր իրական նպատակները, հստակեցնել հանձնաժողովի իրավասությունները և պատասխանատվություն ստանձնել հետագա քայլերի համար։
Սահմանադրությունը ճանաչում է Եկեղեցու բացառիկ առաքելությունը և երաշխավորում կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ Միաժամանակ խորհրդարանին վերապահում է հանրային հետաքրքրություն ներկայացնող՝ իր իրավասության շրջանակում գտնվող փաստերն ուսումնասիրելու լիազորություն։ Այս սկզբունքների միջև սահմանը հստակեցնելու անհրաժեշտություն իսկապես կա։ Խորհրդարանը չի կարող որոշել եկեղեցական կանոնների բովանդակությունը, նշանակել հոգևոր առաջնորդներ կամ ստանձնել եկեղեցական դատարանի գործառույթներ։ Սակայն հասարակական նշանակություն ունեցող հաստատության գործունեության վերաբերյալ հարցերն ինքնին չեն դադարում օրինական լինելուց։
Հայ առաքելական եկեղեցու պատմությունը պետականության բացակայության դարաշրջաններում ազգային ինքնության պահպանման պատմություն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ եղել է աշխարհով մեկ սփռված հայության հավաքական կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Այդ պատմական ծառայությունը մեծ հեղինակության աղբյուր է, միաժամանակ՝ բացառիկ պատասխանատվություն։ Հեղինակությունը պահպանելու համար այսօր անհրաժեշտ է հասարակության հետ խոսելու նոր լեզու։
Խրիմյան Հայրիկի բարոյական ազդեցության հիմքում ժողովրդի հոգսերի հետ նրա կենդանի կապն էր։ Նրա խոսքն ուժ ուներ, որովհետև արձագանքում էր ժամանակի իրական խնդիրներին։ Այսօր ևս Եկեղեցուն անհրաժեշտ է վերագտնել հասարակության հետ այդ անմիջական կապը։ Պատմական մեծությունը կարող է ուժեղացնել հանրային վստահությունը, սակայն միայն անցյալի վաստակով հնարավոր չէ լուծել ներկայի հակասությունները։
Այս խնդիրը նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի սահմաններից դուրս գործող համազգային կառույց է՝ Երուսաղեմից մինչև Կոստանդնուպոլիս, Եվրոպայից մինչև Ամերիկա։ Նրա շուրջ խորացող անվստահությունը կարող է անդրադառնալ համահայկական կապերին, Սփյուռքի հետ հարաբերություններին և Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Հատկապես տարածաշրջանային վերադասավորումների այս շրջանում հայկական հաստատությունների կայունությունն ու կենսունակությունը ռազմավարական արժեք ունեն։
Պետության և Եկեղեցու միջև խորացող հակամարտությունն աստիճանաբար քաղաքական պառակտման է վերածում նաև հոգևոր կյանքի խնդիրները։ Եկեղեցու շուրջ ցանկացած քննարկում հայտնվում է իշխանության և ընդդիմության պայքարի շրջանակում՝ երկրորդ պլան մղելով բուն խնդիրները և դրանց լուծման անհրաժեշտությունը։
Հոգևոր կյանքի խնդիրները դառնում են կուսակցական պայքարի նյութ, իսկ եկեղեցական հեղինակությունը՝ քաղաքական շահերի սպասարկման միջոց։ Այս ճանապարհով հնարավոր չէ առողջացնել ո՛չ պետական հաստատությունները, ո՛չ Եկեղեցին։
Մայր Աթոռն ունի իրավիճակը փոխելու իրական հնարավորություն։ Կարող է սեփական նախաձեռնությամբ ստեղծել անկախ հեղինակավոր մասնագետների, աշխարհականների և հոգևորականների մասնակցությամբ ուսումնասիրության հարթակ, հրապարակել բարձրացված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, կազմակերպել բաց քննարկումներ և իրապես լսել քննադատությունը։ Այդ գործընթացի արդյունքները կարող են ներկայացվել նաև խորհրդարանին՝ առանց եկեղեցական ինքնավարությունը զիջելու։
Թափանցիկությունը Եկեղեցու համար կարող է դառնալ նրա բարոյական հեղինակության վերականգնման գլխավոր միջոցը։ Բաց քննարկման պատրաստակամությունը նաև իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողության արդյունավետ ձև է։ Հանրության աչքի առաջ դժվարանում է քաղաքական հաշվեհարդարը, իսկ ցանկացած անհիմն մեղադրանք ստանում է փաստերով պատասխանելու հնարավորություն։
Հոկտեմբերի 9-ի հայտարարությունը, ցավոք, այդ հնարավորությունը չօգտագործեց։ Այն կրկնեց արդեն հայտնի դիրքորոշումները և անպատասխան թողեց հասարակության համար էական հարցերը։ Նման հայտարարությունների հաջորդականությունը միայն երկարացնում է անորոշությունը։
Եկեղեցու դռները բացելու նախաձեռնությունը պետք է գա հենց Մայր Աթոռից։ Այդ քայլը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը, վերադարձնել հանրային քննարկման բարոյական նախաձեռնությունը և ցույց տալ, որ Եկեղեցին վստահում է սեփական ժողովրդին։
Փակ դռները ժամանակավորապես պաշտպանում են ղեկավարությանը։ Բաց դռները կարող են պաշտպանել հաստատությունը։
Հայ Եկեղեցու պարտությունը բոլորիս պարտությունն է։ Նրա վերականգնումը պետք է դառնա համազգային գործ։ Եվ այդ վերականգնման առաջին քայլը ճշմարտության առաջ դռները բացելն է։
Կարդացել են
0 անգամ