Եվրոպա մեկնելը վտանգավոր է դարձել ՌԴ քաղաքացիների համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ եվրոպական երկրներ այցելելը վտանգավոր է դարձել ՌԴ քաղաքացիների համար։

Այս հայտարարությունը հնչել է Չեռնոգորիայում «Ռիբար» տելեգրամյան ալիքի հիմնադիր Միխայիլ Զվինչուկի և նրա գործընկերների ձերբակալության ֆոնին, որոնց հետագայում որոշվել է արտաքսել երկրից։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների տակ գտնվող անձինք պետք է գիտակցեն, որ Եվրամիության տարածքում սահմանափակումների շրջանցումը քրեորեն պատժելի արարք է։ «Նրանք, ովքեր պատժամիջոցների տակ են, պետք է իրենց հաշիվ տան, որ, այո, մենք այդ պատժամիջոցներն անօրինական ենք համարում միջազգային իրավունքի տեսակետից, սակայն բուն եվրոպական երկրներում կամ ԵՄ տարածքում պատժամիջոցների խախտումը քրեական հանցագործություն է»,- ասել է նա:

Պեսկովը միևնույն ժամանակ ընդգծել է, որ համաձայն Վիեննայի կոնվենցիայի՝ ձերբակալող կողմը պարտավոր է պաշտոնապես տեղեկացնել Ռուսաստանի հյուպատոսությանը, իսկ ռուս դիվանագետներն իրենց հերթին անպայմանորեն կզբաղվեն հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ։

Եվրոպական միության պատժամիջոցների հիմնավորման մեջ Զվինչուկը ներկայացվում է որպես ռուս ռազմական բլոգեր, որը նաև կեղծ տեղեկություն և Կրեմլին աջակցող քարոզչություն է տարածում։ Հետաքննությունը պարզել է, որ այս մեխանիզմի նպատակը եվրոպական լսարանի համար իրենց ձեռնտու բովանդակության արտադրության ցանց ստեղծելն էր։

«Ռիբար» քարոզչական նախագիծը մեղադրվում է նաև ապատեղեկատվություն տարածելով Հայաստանում այս տարի անցկացված խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ:

Leave a Comment