Ամերիկյան SpaceX ընկերությունը համաձայնության է եկել Grain Management ներդրումային ընկերությունից հաճախականությունների խոշոր փաթեթ գնելու շուրջ՝ նպատակ ունենալով մուտք գործել բջջային կապի շուկա:
Ինչպես հաղորդում է ընկերությունը, այս քայլը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Starlink արբանյակային ցանցի հնարավորությունները: Ներկայումս Starlink-ն ապահովում է գերարագ ինտերնետ հասանելիություն արբանյակների միջոցով, սակայն ազդանշանի ընդունման համար պահանջվում է հատուկ անտենայով տերմինալ և ուղիղ տեսանելիություն: 800 ՄՀց տիրույթում ձեռք բերված նոր լիցենզիաները հնարավորություն կտան ազդանշանը փոխանցել անմիջապես սովորական սարքերին, այդ թվում՝ սմարթֆոններին, ինչպես նաև կապ հաստատել շենքերի ներսում:
Թեև գործարքի արժեքը պաշտոնապես չի բացահայտվում, The Wall Street Journal պարբերականի տվյալներով՝ այն կարող է կազմել շուրջ 8 միլիարդ դոլար: Գործարքը դեռևս պետք է արժանանա ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովի (FCC) հավանությանը:
Իլոն Մասկը հայտարարել է, որ այս ձեռքբերման շնորհիվ ընկերությունը կկարողանա բջջային կապով ապահովել ԱՄՆ ողջ տարածքը, ներառյալ այն շրջանները, որտեղ այսօր բացակայում է բջջային ինտերնետը:
SpaceX-ի հայտարարությունից հետո խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորների բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել: ԱՄՆ նախավաճառքային բորսային սակարկություններում T-Mobile US, Verizon և AT&T ընկերությունների արժեթղթերը կորցրել են 5,5%-ից մինչև 7,4%: Եվրոպայում Deutsche Telekom-ի բաժնետոմսերն էժանացել են 6,5%-ով, Vodafone-ը՝ 4,1%-ով, Orange-ը՝ 2,3%-ով, իսկ Telefonica-ն՝ 3,9%-ով: Միևնույն ժամանակ, հենց SpaceX-ի արժեթղթերն արձանագրել են շուրջ 4% աճ: