Հայ օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը կկատարի կոմսուհի Ալմավիվայի դերերգը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում, որով կմեկնարկի Տեներիֆեի օպերային թատրոնի (Ópera de Tenerife) 2026-2027 թվականների թատերաշրջանը, հայտնում է իսպանական Beckmesser երաժշտական պորտալը։
Ներկայացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, 13-ին, 15-ին և 17-ին՝ Auditorio de Tenerife սիմֆոնիկ դահլիճում։ Բեմադրությունն իրականացվել է Բարսելոնայի «Լիսեու» օպերային թատրոնի հետ համատեղ։
Ներկայացման բեմադրիչը Մարտա Պասոսն է, իսկ դիրիժորը՝ Պաբլո Գոնսալեսը, որի ղեկավարությամբ հանդես կգա Տեներիֆեի սիմֆոնիկ նվագախումբը։
Գլխավոր դերերգերով հանդես կգան նաև Լեոնոր Բոնիլյան (Սյուզաննա), Յան Անտեմը (Ֆիգարո) և Խոսե Անտոնիո Լոպեսը (կոմս Ալմավիվա)։ Քերուբինոյի դերերգը կկատարի սոպրանիստ Ռաֆայել Կիրանտը։
Ներկայացմանը կմասնակցեն նաև Ópera de Tenerife – Intermezzo երգչախումբը և Տեներիֆեի միջազգային պարային կենտրոնը։
Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» չորս գործողությամբ կատակերգական օպերա է, որն առաջին անգամ բեմադրվել է Վիեննայում՝ 1786 թվականին։
