Flydubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ահաբեկչական հարձակում իրականացնել Թել Ավիվի օդանավակայանում

Flydubai-ի երկրորդ օդաչուն պլանավորել էր առևանգել Դուբայ-Թել Ավիվ չվերթի ինքնաթիռը և կործանել այն Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սաիֆ ալ-Շամսիին։

Նրա խոսքով՝ այդ պլանը ոգեշնչված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից։ Հոկտեմբերի 1-ին սկսված հետաքննությունը ցույց է տվել, որ կասկածյալը օգտագործել է Թել Ավիվ կատարած նախորդ երկու չվերթները՝ «ծանոթանալու թռիչքի երթուղուն և օդանավակայանին»։

Հոկտեմբերի 3-ին ԱՄԷ գլխավոր դատախազը հայտարարել է, որ Flydubai-ի երկրորդ օդաչուն վթարային կացնով հարձակվել է օդաչուի վրա խցիկում և փորձել է վերահսկել ինքնաթիռը։ Ալ-Շամսին նշել է, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո։

Սեպտեմբերի 30-ին Flydubai-ի FZ1073 չվերթը Դուբայից Թել Ավիվ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ հնարավոր առևանգման դեպքում օգտագործվող կոդը փոխանցելուց հետո։ Ynet-ը հայտնել է, որ օդաչուն Օմանի քաղաքացի էր, իսկ երկրորդ օդաչուն՝ Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքացի։

Leave a Comment