
Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումն այսօր հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում և վաղն ուժի մեջ կմտնի, հայտնում են ԱԳՆ-ից։:
Սեպտեմբերի 24-ին հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորման առաջարկը վերջնական հավանության էր արժանացել ԵՄ խորհրդի՝ մրցակցության հարցերով խորհրդի կողմից։
ԵՄ այս կարգավորմամբ ազատականացվում են դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։ Արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով:
Սեպտեմբերի 2-ին, ԵՄ խորհուրդը տվել էր իր համաձայնությունը նախագծին՝ առանց փոփոխությունների։ Այնուհետև՝ սեպտեմբերի 15-ին, լիագումար նիստում, իր հերթին փաստաթղթին հավանություն էր տվել Եվրոպական խորհրդարանը։ Սեպտեմբերի 23-ին նախագիծն ընդունվել էր նաև ԵՄ խորհրդի` անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում:
Հիշյալ կարգավորման ընդունմամբ Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն, ինչը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ԵՄ գործընկերության աննախադեպ բարձր մակարդակի մասին և համահունչ է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հռչակագրի ոգուն և գործընկերության ռազմավարական օրակարգին: