Մոսկվան մտահոգված է Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնի գործարկմամբ։ ՌԴ Անվտանգության խորհուրդը կարծում է, որ այն կարող է օգտագործվել Ռուսաստանի ու այլ երկրների դեմ։ Firebird AI ընկերությունը հերքում է այդ պնդումները։ Տվյալների կենտրոնի աշխարհագրական տեղակայումն ինքնին չի որոշում դրա օգտագործման բնույթը կամ նպատակը՝ նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հրազդանում Firebird AI ընկերության՝ արհեստական բանականության տվյալների կենտրոնը դարձել է ռուսական քննադատության թիրախներից մեկը։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը պնդել է, թե կենտրոնի սերվերներում մշակվող տվյալները կարող են հասանելի լինել ԱՄՆ հատուկ ծառայություններին, քանի որ այն գործում է ամերիկյան օրենսդրության շրջանակում:
«Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»։
Firebird AI ընկերությունն այս պնդումները կեղծ և փաստական հիմքերից զուրկ է որակել։
«Այն կառուցում և շահագործում է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ, իսկ ԱՄՆ-ի տրամադրած արտահանման լիցենզիան սահմանափակում է այդ հզորությունների օգտագործումը բացառապես քաղաքացիական նպատակներով»։
Ընկերությունը նաև ընդգծել է, որ նման պնդումները վկայում են արհեստական բանականության հաշվարկային ենթակառուցվածքների աշխատանքի սկզբունքների սխալ ընկալման մասին։ Տվյալների կենտրոնի աշխարհագրական տեղակայումն ինքնին չի որոշում դրա օգտագործման բնույթը կամ նպատակը։
Ռուսական կողմի քննադատությունը, սակայն, չի սահմանափակվում տվյալների անվտանգության հարցերով։ Շևցովը մտահոգություն է հայտնել նաև Հայաստանի էներգետիկ համակարգի հնարավոր ծանրաբեռնվածության վերաբերյալ՝ պնդելով, որ տվյալների կենտրոնի ընդլայնումը, հատկապես ձմռան ամիսներին, կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի լուրջ պակասի։
Նրա խոսքով՝ աճող պահանջարկը կարող է ազդել նաև շարքային քաղաքացիների վրա։ Շևցովն այս համատեքստում անդրադարձել է Հայաստանի՝ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելու ծրագրերին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն արտերկրում փոքր մոդուլային ռեակտոր դեռևս չի կառուցել։
Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի փոփոխությանը վերջին շրջանում անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում երկիրը էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետությունից վերածվել է դեֆիցիտ ունեցողի։
«Մի տարի առաջ Հայաստանի Հանրապետությունն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր, և մենք պետք է մտածեինք, թե էներգիան որտեղ սպառենք։ Մի տարի անց Հայաստանը դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն»։
Փաշինյանի խոսքով՝ էներգետիկ պահանջարկի աճը պայմանավորված չէ միայն արհեստական բանականության ոլորտի երկու գործարաններով։ Պատճառներից է նաև նախորդ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրից բխող ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը։
«Խնդիրն այն է, որ հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկն այդ ներդրումային ծրագրերն արդեն ամբողջությամբ սպառում են»։
Էներգետիկ պահանջարկի աճը նոր հարցեր է առաջացնում նաև Հայաստանի միջուկային էներգետիկայի ապագայի վերաբերյալ։ Եթե նախկինում շեշտվում էր, որ երկրին մեծ հզորության ատոմակայան պետք չէ, և քննարկման հիմնական տարբերակը փոքր մոդուլային ռեակտորն է, ապա այժմ չի բացառվում ավելի մեծ հզորության էներգաբլոկի կառուցումը։
«Չի բացառվում, որ, ասենք, 1000 ՄՎտ հզորությամբ ատոմային կայանը ամենատրամաբանական լուծումը լինի։ Չի բացառվում, բայց չեմ կարող հիմա ասել։ Դա հիմա փորձագիտական քննարկումների տիրույթում գտնվող հարց է։ Մենք պետք է նայենք, թե տասը տարի հետո ինչ է լինելու»։
Հազար մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկ կառուցելու առաջարկ Հայաստանին ներկայացրել է ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը։ Դրա գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, հայտարարել էր նաև, որ տեխնիկապես հնարավոր է Մեծամորի գործող ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2046 թվականը։