Ռուսական կառավարու՞մ, ղազախական առաջա՞րկ, թե՞ սեփական վերահսկողություն․ Հայկական երկաթուղու ճակատագրի շուրջ քննարկումները դեռ կշարունակվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին խոսեց հայկական երկաթուղուց։ Երկաթուղային համակարգը հավատարմագրային կառավարման է հանձնված ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ Փաշինյանի փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարը, որի հետ նախատեսվում է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Արդյոք այս հանդիպումը կարո՞ղ է ազդարարել Հայաստանի դիրքորոշման փոփոխություն՝ ռուսական ընկերությունից երկաթուղու հավատարմագրային կառավարումը վերցնելու մտադրությունների շուրջ։ Նման հնարավորության մասին ենթադրությունները պայմանավորված են ավելի վաղ տեղի ունեցած զարգացումներով։ Մասնավորապես, «Ռոսատոմի» ղեկավարի՝ Երևան այցից հետո Փաշինյանը Հայաստանի նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցում չի բացառել ռուսական առաջարկի քննարկումը։ Այս հանգամանքը փորձագետներին հիմք է տվել ենթադրելու, որ երկաթուղու կառավարման հարցում ևս կարող են վերանայումներ լինել։

Միաժամանակ, խորհրդարանական ընդդիմությանը մտահոգել են Ռուսաստանից հնչող հայտարարություններն ու քաղաքական ուղերձները։ Դրանցից մեկին Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ արձագանքել էր իր հերթական ճեպազրույցի ժամանակ։

«Ռուսատոմի» գլխավոր տնօրենի երևանյան այցից հետո Երևանում սպասում են նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ աշխատանքային քննարկման արդյունքներով»։

Առաջիկա քննարկումների առանցքային հարցերից մեկը հայկական երկաթուղու հետագա կառավարման ճակատագիրն է։ Պարզ չէ՝ արդյո՞ք Հայաստանը կշարունակի երկաթուղային համակարգի կառավարումը վստահել ռուսական կողմին, թե՞ կնախընտրի այլ տարբերակ։ Հստակեցման կարիք ունեն նաև Երասխից Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային հատվածների վերականգնման հարցերը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը օրերս կրկին հայտարարել է, որ Մոսկվան Երևանից պատասխան է ակնկալում այդ հատվածների վերականգնման վերաբերյալ իր առաջարկի շուրջ։

Մինչդեռ վարչապետի վերջին հայտարարությունից պարզ է դառնում, որ քննարկվում է նաև ղազախական կողմի առաջարկը։

«Ես գիտեմ, որ նաև նույնը Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցում նաև ղազախական ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել, կքննարկենք, տարբեր հարցեր կա, կքննարկենք»։

Ռուսական երկաթուղիների ղեկավարի այցը նոր հարց է առաջադրում՝ արդյո՞ք Երևանը կարող է վերանայել իր նախընտրությունը և կրկին կանգ առնել ռուսական առաջարկի վրա։ Նման զարգացումների հավանականության մասին ենթադրություններ են առաջացել հատկապես ատոմային էներգետիկայի ոլորտում նկատված որոշակի փոփոխություններից հետո։ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի՝ Երևան կատարած այցից հետո փորձագետները եզրակացրել էին, որ Հայաստանի վարչապետը նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցում սկսել է նախապատվություն տալ ռուսական տարբերակին։ Այժմ հարց է՝ արդյո՞ք նման մոտեցում կարող է դրսևորվել նաև երկաթուղու կառավարման հարցում՝ ինչը կարող է մեղմել Երևանի և Մոսկվայի միջև նկատվող լարվածությունը։

Պետական կառավարման և միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Թումասյանը կարծում է, որ Հայաստանը պետք է վերանայի երկաթուղու վերաբերյալ իր մոտեցումը, սակայն՝ այլ տրամաբանությունից ելնելով.

«Կարծում եմ, որ Հայաստանի պետական շահի մեջ մտնում է, որ Հայաստանն ինքը վերցնի իր վրա կառավարումը երկաթուղու։ Այո՛, դա ծախսեր է պահանջում, այո՛, դա բարդ է իրականացնել, որովհետև Հայաստանը տասնամյակներ, փաստացի՝ անկախությունից ի վեր, դա չի իրականացրել, բայց մենք ունենք օրինակ, այդ թվում դրա օրինակը Վրաստանն է, որը ինքն էլ չունի արտադրություն այս ոլորտում, ինքն էլ ունի սահմանափակումներ, բայց կարողանում է իրականացնել։ Եվ դա բխում է պետական շահից, որովհետև, ասենք ուղիղ՝ Ղազախստանը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար, դա շատ կարևոր է, բայց օտար պետություն է և ունի իր սեփական շահերը, հատկապես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ է։ Այսինքն, եթե Հայաստանը ինքը վերահսկի երկաթուղին, դա մեր աշխարհաքաղաքական դերը է՛լ ավելի կաճեցնի, ուստի, հուսով եմ՝ կվերանայի կառավարությունը այս մոտեցումը։ Իսկ Ռուսաստանի առումով, լուծում պետք է տրվի, որտեղ Ռուսաստանի կառավարումը, ի համեմատություն բոլոր ուրիշ հնարավոր պետությունների, այդ թվում ՝ առաջին հերթին Հայաստանի, ունի պատժամիջոցների բեռ»։

Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ լարվածության մեկ այլ դրսևորում է դարձել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը։ Նա ասել էր՝ ամենասարսափելին այն է, որ Հայաստանը կարող է նոր Ուկրաինա դառնալ։ Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը կտրուկ ընդգծել է երկրի ինքնուրույնությունը։

«Հայաստանը Հայաստան է և Հայաստանը ոչ մի ուրիշ բանի չի վերածվելու»։

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նաև տարակուսանք է հայտնել Մեդվեդևի հայտարարության պատճառների վերաբերյալ՝ հակադարձելով Ռուսաստանի հասցեին նմանատիպ ձևակերպումներով հանդես գալու հնարավորության օրինակով։

«Էդ կսմիթները, էդ սպառնալիքները ինչի՞ համար են։ Այդ նույն տրամաբանությամբ ուրիշն էլ կարող է ասել՝ ցանկանում ենք, որ Հայաստանը նոր Ռուսաստանի չվերածվի… նկատի ունենալով այն, որ ենթադրենք Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում»։

Ռուսաստանից հնչող հայտարարություններն ու Հայաստանի իշխանությունների՝ Մոսկվայի նկատմամբ որդեգրած քաղաքական խոսույթը մտահոգիչ են համարում ընդդիմադիրները։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ հանգուցալուծել առկա խնդիրները, հակառակ դեպքում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հետևանքներն ավելի սուր կզգան շարքային քաղաքացիները։

«Էն խոսույթը, որը իշխանությունների կողմից արդեն տարիներ շարունակ Ռուսաստանի հանդեպ կիրառվում է, մենք չենք համարում, որ դա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից։ Իմիջիայլոց, նույն ձև մենք չէինք համարի դա նորմալ, եթե նման բան արվեր Ֆրանսիայի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ»։

Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ ստեղծված իրավիճակում խնդիրների լուծման հիմնական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը, քանի որ հենց նա է վարում բանակցությունները։ Միաժամանակ ընդդիմադիրները չեն մանրամասնում, թե ինչ գործնական քայլերով կարող են իրենք նպաստել հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմանը։

Leave a Comment