Ռուսաստանի Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր տարածման մասին լուրերը վերջին օրերին մեծ անհանգստություն են առաջացրել նաև սոցցանցերում։ Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները պնդում են՝ ժանտախտի դեպք չի հաստատվել։ Հայաստանի առողջապահության նախարարությունը հետևում է իրավիճակին, իսկ վարչապետի որոշմամբ արդեն ստեղծվել է Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով։
Հոկտեմբերի 2-ի գիշերը Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Շելեխով քաղաքում մահացել է 28-ամյա Դարյա Շիպիլովան։ Նա աշխատում էր Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 25-ին նա լաբորատորիայում կոտրել էր թոքային ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը և կարող էր վարակվել։
Շիպիլովայի մահից հետո Շելեխովի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը փակվել էր, իսկ Իրկուտսկի առնվազն երեք հիվանդանոցում կարանտին էր հայտարարվել։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 4-ին մեկուսացվել և հոսպիտալացվել էր 197 մարդ, որոնք մահացած կնոջ հետ շփվել էին կամ կարող էին շփում ունեցած լինել։
Բայց ժանտախտի ախտորոշումը Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատել։
Հոկտեմբերի 3-ին Բայկալի քաղաքային բնակավայրի ղեկավարությունը բնակիչներին կոչ էր արել սահմանափակել Շելեխովի և հարակից բնակավայրերի այցելությունները՝ մինչև սպառնալիքի հանգամանքների ճշտումը։
«Հարգելի՛ բնակիչներ, Շելեխով քաղաքում մարդու ժանտախտով վարակման փաստի հայտնաբերման մասին ոչ պաշտոնական տեղեկատվության առնչությամբ՝ խնդրում ենք սահմանափակել Շելեխով և հարակից բնակավայրեր այցերը՝ մինչև նշված սպառնալիքի վերաբերյալ հանգամանքների ճշտումը»։
Գրառումը, սակայն, մոտ երկու ժամ անց հեռացվել էր։ Հոկտեմբերի 5-ին Ռոսպոտրեբնադզորը պաշտոնապես հայտարարեց․
« Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակից Դարյա Շիպիլովան ժանտախտից չի մահացել։ Ախտորոշումը՝ «անհայտ պատճառի թոքաբորբ»: Միևնույն ժամանակ, Շելեխովի շրջանային հիվանդանոցում կարանտինը պահպանվում է, և բժշկական հսկողության տակ է 197 մարդ։ Իրկուտսկի բոլոր հիվանդանոցներն աշխատում են բնականոն ռեժիմով. հիվանդանոցների փակման լուրերը ճիշտ չեն։
Այս ֆոնին Հայաստանի առողջապահության նախարարությունը ևս հետևում է իրավիճակին։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանն առողջապահության նախարարից հետաքրքրվել էր՝ Հայաստանը որևէ կանխարգելիչ քայլ ձեռնարկո՞ւմ է։ Անհրաժեշտության դեպքում սահմանին կուժեղացվի հսկողությունը՝ արձագանքել է Անահիտ Ավանեսյանը։
«Իհարկե, հետևելով այս տեղեկատվությանը, ըստ աստիճանակարգի՝ կկիրառենք անհրաժեշտ խստացված հսկողություն, ջերմաչափում, ովքեր գալիս են Հայաստան, և անհրաժեշտ ողջ գործիքակազմը պատրաստ է»։
Ավանեսյանը նաև նշել է, որ առողջապահական կառույցները մշտական կապի մեջ են միջազգային գործընկերների, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ։ Եթե ժանտախտի վերաբերյալ կասկածները հաստատվեն, նշանակում է՝ զգոնություն ցուցաբերելու լուրջ պատճառ կա։
«Եթե այս բոլոր տեղեկատվությունն ու կասկածները շարունակվեն և մտահոգությունները տեղին լինեն, ապա, այո, այս հիվանդությունը բավական ծանր հիվանդություն է։ Թոքային ժանտախտի տեսակը, ուրեմն, փոխանցվում է օդակաթիլային եղանակով, սերտ շփման պարագայում, և եթե ճիշտ ժամանակին համապատասխան հակաբիոտիկներով բուժում չիրականացվի, ապա դրա մահացության ռիսկը բավական բարձր է, այնպես որ մենք շատ ուշադիր ու զգոն ենք»։
Հայաստանի արձագանքը դրանով չի սահմանափակվել։ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով։
Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է և պետք է համակարգի կանխարգելիչ միջոցառումները, գնահատի հնարավոր ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ապահովի արագ արձագանքը։ Առաջին նիստը նախատեսվում է առաջիկա օրերին։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից «Ռադիոլուրին» փոխանցեցին՝ հարցը դեռ քննարկման փուլում է, և շուտով հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։