Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման կարգը սահմանելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է սահմանել բնակչության պետական ռեգիստրի տվյալների մուտքագրման, թարմացման, ուղղման, պահպանման և պաշտպանության գործընթացների նկատմամբ մոնիտորինգի միասնական կարգ։
Մոնիտորինգի նպատակն է բացահայտել գործընթացներում առկա թերություններն ու խախտումները, ապահովել դրանց վերացումը և կանխել դրանց կրկնությունը։
Ի՞նչ է փոխվելու
Նախագծով մոնիտորինգը սահմանվում է որպես միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից իրականացվող ներքին և հեռավար ընթացակարգ։
Մոնիտորինգի շրջանակում ուսումնասիրվելու են ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալների մուտքագրման, թարմացման, ուղղման, պահպանման և պաշտպանության գործընթացները։
Ուսումնասիրության առարկա են լինելու նաև տվյալների ներկայացման ժամկետների, կազմի, ձևաչափի, ճշգրտության և արդիականության պահանջների պահպանումը։
Ի՞նչ տվյալներ են ուսումնասիրվելու
Մոնիտորինգի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել նաև այլ շտեմարանների հետ տվյալների փոխանակման օրինականությունը, անվտանգությունն ու անխափանությունը։
Ուսումնասիրվելու են տվյալներին հասանելիության էլեկտրոնային գրանցումները, չարտոնված օգտագործման դեպքերը և դրանց հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները։
Բացի այդ, ուսումնասիրվելու է նախորդ մոնիտորինգների արդյունքներով տրված առաջարկությունների և ուղղորդումների կատարման վիճակը։
Ինչպե՞ս է իրականացվելու մոնիտորինգը
Մոնիտորինգն իրականացվելու է շարունակական ավտոմատացված վերլուծության և պարբերական ուսումնասիրությունների միջոցով։
Ուսումնասիրությունների շրջանակն ու պարբերականությունը որոշելիս հաշվի են առնվելու տրամադրված հասանելիության շրջանակը, տվյալների ծավալն ու բնույթը, նախկին խախտումները, սխալների հաճախականությունը և անվտանգության ռիսկերը։
Այսինքն՝ ուսումնասիրություններն ուղղվելու են առավել բարձր ռիսկ ունեցող գործընթացներին։
Ի՞նչ է ստուգելու լիազոր մարմինը
Մոնիտորինգի ընթացքում լիազոր մարմինը վերլուծելու է շտեմարանի և գործողությունների գրանցամատյանի տվյալները։
Դրանք համադրվելու են սկզբնաղբյուրներում կամ փոխկապակցված տեղեկատվական համակարգերում առկա տվյալների հետ՝ սահմանված պահանջների պահպանումը ստուգելու նպատակով։
Անհրաժեշտության դեպքում տվյալներ ներկայացնող մարմնից կարող են պահանջվել պարզաբանումներ։
Տեխնիկական սխալների պատճառները պարզելու համար նախատեսվում է նաև դրանց վերարտադրում փորձարկման միջավայրում՝ փորձնական կամ ապանձնավորված տվյալների օգտագործմամբ։
Ինչպե՞ս են պաշտպանվելու անձնական տվյալները
Մոնիտորինգի ընթացքում աշխատակցին հասանելի է դարձվելու միայն իր գործառույթի համար անհրաժեշտ նվազագույն տեղեկությունը՝ համապատասխան լիազորության գործողության ժամկետով։
Տեղեկությունների դիտումը, հարցումը և օրենքով թույլատրելի այլ գործողություններն ինքնաշխատ գրանցվելու են գործողությունների գրանցամատյանում։
Ի՞նչ է լինելու մոնիտորինգի արդյունքը
Մոնիտորինգի արդյունքներն ամփոփվելու են եզրակացությամբ։
Դրանում ներկայացվելու են ուսումնասիրության հիմքը, շրջանակն ու ժամանակահատվածը, հայտնաբերված թերություններն ու խախտումները, դրանք հիմնավորող տվյալները, խախտված պահանջները և առաջարկվող միջոցները։
Լիազոր մարմնի որոշմամբ եզրակացությունը կարող է ուղարկվել համապատասխան մարմնին կամ անձին։
Այն ստանալուց հետո նախատեսվում է հնարավորություն ներկայացնել առարկություններ կամ լրացուցիչ պարզաբանումներ, ինչպես նաև տեղեկություններ՝ խախտումների վերացման նպատակով նախաձեռնվող գործողությունների և դրանց կատարման ժամկետների վերաբերյալ։
Ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկվել խախտումների դեպքում
Մոնիտորինգի արդյունքներով լիազոր մարմինը կարող է ներկայացնել բացակայող տվյալների մուտքագրման, թերի տվյալների լրացման կամ սխալ տվյալների ուղղման վերաբերյալ ուղղորդումներ։
Կարող է նաև առաջարկվել վերացնել տեխնիկական կամ կազմակերպական թերությունները, վերանայել հասանելիության իրավունքները կամ ուժեղացնել անվտանգության միջոցները։
Համակարգի խնդիրների բացահայտման և վերացման նպատակով նախատեսվում է նաև աուդիտի իրականացում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ի՞նչ կլինի, եթե հայտնաբերվի չարտոնված հասանելիություն կամ տվյալների սխալ
Եթե հայտնաբերված խախտումները ենթակա են տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի կամ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի քննությանը, համապատասխան տեղեկությունները տրամադրվելու են այդ մարմիններին՝ անհրաժեշտ ծավալով։
Տվյալների սխալների դեպքում դրանք մուտքագրելու իրավասություն ունեցող մարմինը պետք է ապահովի դրանց անհապաղ ուղղումը կամ թարմացումը։
Չարտոնված հասանելիության դեպքում լիազոր մարմինն ապահովելու է օրենքով նախատեսված միջոցների ձեռնարկումը՝ իր իրավասությունների և սահմանված ընթացակարգերի շրջանակում։
Ինչպե՞ս են պահպանվելու մոնիտորինգի տվյալները
Մոնիտորինգի գործողությունները, հաղորդակցությունը, հարցումները, պատասխանները, եզրակացություններն ու ուղղորդումները ձևավորվելու և պահպանվելու են էլեկտրոնային եղանակով։
Լիազոր մարմինը մոնիտորինգի արդյունքների և ձեռնարկված միջոցների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն է ներկայացնելու ներքին գործերի բնագավառի պետական լիազոր մարմնին։
Հաշվետվություններում անձնական տվյալները ներառվելու են ապանձնավորված, իսկ դրա անհնարինության դեպքում՝ միայն կոնկրետ խախտման կամ ռիսկի գնահատման համար անհրաժեշտ ծավալով։
Ի՞նչ ռազմավարական փաստաթղթի հետ է կապված նախագիծը
Նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.2-րդ բաժնով նախատեսված՝ պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարեփոխման հանձնառությանը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ռեգիստրի տվյալների որակի, անվտանգության և իրավաչափ օգտագործման նկատմամբ շարունակական մոնիտորինգը կնպաստի հանրային ծառայությունների հիմքում ընկած տեղեկությունների հուսալիությանը, պետական մարմինների աշխատանքի արդյունավետությանը և թվային ծառայությունների նկատմամբ վստահության բարձրացմանը։
Ո՞վ է մշակել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
Լրացուցիչ ֆինանսավորում նախատեսվո՞ւմ է
Նախագծի իրականացման համար անհրաժեշտ ավտոմատացված վերլուծության գործիքների, մոնիտորինգի էլեկտրոնային գրանցամատյանի և համապատասխան տեխնիկական հնարավորությունների ապահովման ծախսերը ենթակա են գնահատման բնակչության պետական ռեգիստրի ներդրման և շահագործման աշխատանքների շրջանակում։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի վրա ազդեցությունը ենթակա են հստակեցման՝ հաշվի առնելով նաև մոնիտորինգի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների, աուդիտի և վերապատրաստումների ծավալները։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձևավորել բնակչության պետական ռեգիստրի գործունեության նկատմամբ մոնիտորինգի միասնական և գործնականում կիրառելի ընթացակարգ։
Այն պետք է ապահովի թերությունների ու խախտումների ժամանակին բացահայտումը, դրանց վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը և կատարման վերահսկողությունը։
Շարունակական վերլուծությունը, տվյալների համադրումը և ռիսկերի հաշվառմամբ իրականացվող ուսումնասիրությունները կնպաստեն տվյալների ճշգրտության ու արդիականության բարձրացմանը, չարտոնված հասանելիության և ոչ իրավաչափ օգտագործման դեպքերի բացահայտմանը, ինչպես նաև տեխնիկական ու կազմակերպական խնդիրների կրկնության կանխարգելմանը։
Մոնիտորինգի գործընթացի էլեկտրոնային փաստագրումը և պարբերական հաշվետվությունները կապահովեն իրականացված գործողությունների հետագծելիությունն ու հաշվետվողականությունը՝ նպաստելով ռեգիստրի անվտանգ և անխափան գործունեությանը և տվյալների սուբյեկտների իրավունքների պաշտպանությանը։