Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Վերջին շրջանում շրջանառվում էր մի այսպիսի թեզ՝ քանի որ ուզում ենք ունենալ «ԱԲ գործարանների պարտեզ», մեզ մեծ էներգետիկ հզորություններ են անհրաժեշտ: Եթե մեզ մեծ էներգետիկ հզորություններ են անհրաժեշտ, գին-որակ համադրությամբ լավագույն տարբերակը ռուսականն է… Ու կարող ենք զիջել նոր ատոմակայանի կառուցումը ռուսներին, պայմանով, որ իրենք էլ երկաթուղիների կոնցեսիան կզիջեն, օրինակ, ղազախներին…
Այսօր այդ թեզի տրամաբանական շղթան ջարդվեց, երբ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հայտարարեց, որ Firebird-ը սպառնալիք է ներկայացնում ՌԴ-ի, Իրանի և կենտրոնասիական երկրների շահերին… Սա նշանակում է, որ նույնիսկ եթե վաղը ռուսական տեխնոլոգիաներով և ներդրումներով այդ ատոմակայանը գործարկվի, հրաժարվելու է կամ խնդիրներ է ստեղծելու ամերիկյան ներդրումներով և տեխնոլոգիաներով գործող AI գործարանների համար: Վերջիններս էլ, ունենալով այդ սպառնալիքը, հապաղելու են Հայաստանում նոր հաշվողական հզորություններ տեղակայելու…
Ես մեծ հույս ունեմ, որ մեր իշխանությունները երբ փորձում են ատոմակայանի հարցը պարզապես տնտեսական հարց ներկայացնել, դիվանագիտական հնարք են անում՝ ռուսական կողմի դիմադրությունը մեղմելու համար, այլապես, շախմատային լեզվով ասած, ռիսկը մեծ է, որ երկրորդ քայլից մենք պատի կբախվենք…
Նվաստիս կարծիքով՝ եթե ուզում ենք ԱԲ ոլորտում ներդրումներ ունենալ, միանշանակ է, որ ատոմակայան պետք է, և դա չի կարող լինել ռուսական տեխնոլոգիաներով, եթե նույնիսկ հավատանք, որ Ռուսաստանը ունակ է և կցանկանա ատոմակայան կառուցել Հայաստանում»…
