ԱՄՆ-ն մեղադրում է TikTok-ին երեխաներին վտանգավոր բովանդակություն հրամցնելու համար

TikTok–ը որոշ փորձարկումներ է արել հազարավոր օգտատերերի, այդ թվում՝ երեխաների և դեռահասների շրջանում։ Սոցիալական հարթակը անվտանգության պահպանման ոչ ֆունկցիոնալ տարբերակներ է առաջարկել՝ հաղորդում է Reuters-ը։

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը հայց է ներկայացրել, որում նշվում է, որ հարթակի փորձարկումներից հետո երեխաների և դեռահասների վարքագծի փոփոխություններ են նկատվել: Ենթադրվում է, որ TikTok-ի փորձարկումներից հետո դեռահասներից մեկը ինքնասպան է եղել: Ընկերությունը հերքում է մեղադրանքները:

TikTok սոցիալական հարթակը կրկին իրավապահների թիրախում է: Հարթակի հերթական փորձարկումների վտանգավորության մասին է բարձրաձայնում Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը։ Նա հայց է ներկայացրել սոցիալական հարթակի դեմ՝ երեխաներին ու դեռահասներին մոլորեցնելու մեղադրանքով:

Դատախազը, մասնավորապես, նշում է, որ TikTok-ը որոշ օգտատերերի Algo Refresh գործառույթի ոչ ֆունկցիոնալ տարբերակ է տրամադրել, որը նախատեսված էր առաջարկությունների ալգորիթմը վերագործարկելու և անցանկալի կամ պոտենցիալ վնասակար բովանդակությունը հեռացնելու համար։

Փորձարկմանը մասնակցած օգտատերերը կարծում էին, որ ակտիվացրել են գործառույթը, բայց նրանց առաջարկությունների հոսքը փաստացի մնացել է անփոփոխ։ TikTok-ը 2023 թվականին նման փորձարկումներ է անցկացրել հազարավոր օգտատերերի շրջանում։

Ընկերությունը համեմատել է փորձարկմանը մասնակցած ու չմասնակցած օգտատերերի վարքագիծը, հասկանալու համար, թեորքան ժամանակ են նրանք մնում հարթակում և գործիքը ինչ ազդեցություն է ունենում գովազդային եկամուտների վրա:

TikTok-ի թվային բարեկեցության պատասխանատուներից մեկը զգուշացրել էր նման փորձարկումների առաջացրած խնդիրների և օգտատերերին մոլորեցնելու մասին։

«Այս գործառույթը նախատեսված է ալգորիթմի թափանցիկությունն ու վերահսկողությունն ապահովելու համար։ Փորձարկումը մինչդեռ լիովին հակասում է դրան»։

Նյու Յորքի իշխանությունները նաև պնդում են, որ TikTok-ը մոլորեցրել է օգտատերերին՝ սխալ տեղեկություն տրամադրելով այն մասին, թե ինչպես է աշխատում Algo Refresh-ը։

Ընկերությունը պնդում էր, որ գործիքը վերագործարկել է առաջարկությունների ալգորիթմը, մինչդեռ իրականում փոփոխությունները կարճ ժամանակ են տևել և դրանց հաջորդել են այլ զարգացումներ։

TikTok-ի ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ այս մեղադրանքները խեղաթյուրում են Algo Refresh-ի աշխատանքի եղանակը։

«Մենք անընդհատ կատարելագործում ենք մեր հարթակը, ինչը նշանակում է, որ, ինչպես շատ ընկերություններ, մենք ևս պարբերաբար փորձարկում ենք նոր ապրանքներ և գործառույթներ՝ օգտատիրոջ փորձը գնահատելու և հասկանալու համար, թե ինչպես են դրանք գործում իրական աշխարհում»:

Ըստ Bloomberg-ի հրապարակված փաստաթղթերը մանրամասն նկարագրում են, թե ինչպես է ընկերությունը պատահականորեն ընտրել օգտատերերին և անջատել նրանց հաշիվների անվտանգության գործառույթները, որոնք սահմանափակում էին պոտենցիալ վնասակար բովանդակության հասանելիությունը։

Ըստ որոշ տեղեկությունների, այս մոտեցումը փորձին մասնակցած դեռահասներից մեկին ինքնասպանության է հասցրել՝ ինքնավնասման և ինքնասպանության պատկերներ տեսնելուց հետո։ Նշվում է, որ ներքին վերանայման արդյունքում նրա լրահոսում հայտնաբերվել է նման բովանդակության մեծ քանակություն։

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը TikTok-ի դեմ հայց է ներկայացրել 2024 թվականին։ Նյու Յորքը և ես մի քանի նահանգներ  ընկերությանը մեղադրել են երեխաների համար կախվածություն առաջացնող հարթակ ստեղծելու և օգտատերերին անվտանգության հարցում մոլորեցնելու համար։

Մոտ 20 օր առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը առաջարկեց 13 տարին չլրացած երեխաներին արգելել օգտվելու սոցիալական ցանցերից ԵՄ  երկրներում:

 «Եվրոպացիների 92 տոկոսը կարծում է, որ մենք պետք է ուժեղացնենք երեխաների և երիտասարդների պաշտպանությունը առցանց տիրույթում։ Իսկ մոտ 70 տոկոսը մտահոգված է երեխաներին առցանց շահագործման նպատակով հոգեբանորեն իրենց կողմը ներգրավելու գործընթացով։ Եվ, եթե նայենք թվերին, կա ևս մեկ ուշագրավ փաստ. Եվրոպայում երիտասարդները օրական միջինը 4-6 ժամ են անցկացնում էկրանների առջև»։

Ըստ նախագծի՝ 13-15 տարեկաններին կտրամադրվեն խնամակալների վերահսկողության ներքո գործող «մինի-հաշիվներ»՝ սահմանափակումներով, որոնցով կվերահսկվի սոցիալական հարթակնում գտնվելու տևողությունն ու գործողությունները:

«Հստակեցնենք, որ տարիքային սահմանափակումը չի նշանակում, որ տեխնոլոգիական ընկերություններն ազատվում են հարթակի բովանդակության համար պատասխանատվությունից։ Հարթակները անլուրջ վերաբերմունք են ցուցաբերել երեխաների հոգեկան առողջության նկատմամբ։ Այժմ նրանք պետք է մեզ ապացուցեն, որ իրենց հարթակները անվտանգ են, և18 տարին չլրացած յուրաքանչյուր անձի դեպքում հարթակները պետք է հետևեն «անվտանգություն՝ նախագծման փուլից սկսած» սկզբունքին։ Ոչ մի վնասակար կամ կախվածություն առաջացնող գործառույթ, ոչ մի թակարդ և այլն»։

TikTok-ը հերքում է մեղադրանքները և նշում, որ անչափահաս օգտատերերի անվտանգությունը ընկերության առաջնահերթություններից  է։ 2026 թվականի սեպտեմբերին ընկերությունը համաձայնել է Ալաբամա նահանգին վճարել մինչև 300 միլիոն դոլար և փոփոխել հարթակի գործունեությունը այդ նահանգի դեռահասների համար։

Մինչև այդ, TikTok-ը և ԱՄՆ–ի Արդարադատության նախարարությունը համաձայնության են եկել «Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության մասին» օրենքի խախտման վերաբերյալ գործով։

2023 թվականին ԱՄՆ իշխանությունները TikTok-ը անվանեցին չինական տրոյական ձի։ Այդ ժամանակ Ազգային անվտանգության գործակալությունը հայտարարեց, որ չինացիները կարող են մանիպուլյացիաներ անել տվյալների հետ՝ ամերիկյան հասարակությունում պառակտում սերմանելու համար։

Leave a Comment