Iravaban.net–ը ուսումնասիրել է կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում հաստատաված նախագիծը, որով առաջարկվում է 38 մլն 188.4 հազար դրամ վերաբաշխել՝ Թուրքմենստանում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում Հայաստանի մշակութային ներկայացումն ապահովելու նպատակով։
Ինչո՞ւ է գումարը վերաբաշխվում
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում Հայաստանը պատշաճ մակարդակով ներկայացնելու, ինչպես նաև հայկական մշակույթն ու խոհարարական ավանդույթները հանրահռչակելու անհրաժեշտությամբ։
Գումարը նախատեսվում է տեղափոխել պետական բյուջեով նախատեսված մեկ միջոցառումից մյուսը։
Մասնավորապես, 38 մլն 188.4 հազար դրամը՝ ներառյալ ԱԱՀ-ն, կհատկացվի «Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառմանը՝ «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» միջոցառումից։
Որտե՞ղ է Հայաստանը ներկայացվելու
Միջոցառումները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 6-9-ը Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում։
Հայաստանին հատկացվելու է 2 տաղավար։
Առաջին տաղավարը տեղեկատվական բնույթ է ունենալու, իսկ երկրորդում կներկայացվեն հայկական մշակույթն ու ավանդույթները։
Ի՞նչ է ներկայացվելու երկրորդ տաղավարում
Տաղավարում նախատեսվում է ցուցադրել՝
- ժողովրդական վարպետների աշխատանքներ,
- հայկական կարպետներ,
- ազգային տարազներ,
- լուսանկարահանման տարածք,
- հայկական ավանդական խոհանոց։
Այսպիսով, հայկական կողմը նախատեսում է միջոցառման շրջանակում ներկայացնել ոչ միայն մշակութային կատարումներ, այլև ազգային արհեստները, տարազը և խոհարարական ավանդույթները։
21 հոգանոց պատվիրակություն
Մեծ Գալա-համերգին Հայաստանը ներկայացնելու է 21 հոգուց բաղկացած մշակութային պատվիրակություն։
Պատվիրակության կազմում ընդգրկված են՝
- Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» երգի-պարի համույթը,
- Տերյան մշակութային կենտրոնի ներկայացուցիչները,
- Սեդրակ Մամուլյանը,
- նրա օգնական խոհարարը։
Միջոցառումների պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 8-ին։
Որտեղի՞ց է հատկացվելու 38.2 մլն դրամը
Նախագծով նախատեսվում է գումարը հատկացնել ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշմամբ նախատեսված «Արվեստների ծրագիր» ծրագրի «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» միջոցառումից։
Այն կուղղվի «Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառմանը։
Կառավարության հիմնավորմամբ՝ վերաբաշխումը հնարավորություն կտա ստեղծել անհրաժեշտ ֆինանսական և կազմակերպչական պայմաններ՝ ԱՊՀ հարթակում Հայաստանի մասնակցությունն ապահովելու և ազգային մշակութային ժառանգությունը հանրայնացնելու համար։
Բյուջետային ազդեցություն
Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի։
Նախատեսվում է միայն պետական բյուջեով արդեն նախատեսված միջոցների վերաբաշխում։
Նախագծով նաև սահմանվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։