ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Թուրքմենստան կատարելիք այցին և այնտեղ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հնարավոր շփումներին։
Փաշինյանի խոսքով՝ Թուրքմենստանում նախատեսված ձևաչափը ենթադրում է, որ ինքը շփումներ կունենա ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Վստահաբար շփումներ կլինեն և՛ Ռուսաստանի նախագահի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Այսինքն՝ այսօր, վաղը միասին նույն տարածքում ենք լինելու, այդ ձևաչափերում շփումներ լինում են միանշանակ»,-ասել է վարչապետը։
Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ Պուտինի և Ալիևի հետ պաշտոնական երկկողմ հանդիպումներ առայժմ նախատեսված չեն։
«Եթե ընթացքում պարզվի, որ կա անհրաժեշտություն, գուցե դա էլ հնարավոր լինի։ Նախատեսված չէ, բայց շփումներ լինելու են, զրույցներ լինելու են»,-նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ նախկինում ևս նման դեպքեր եղել են, երբ պաշտոնական հանդիպում նախապես չի նախատեսվել, սակայն կողմերը տեղում պայմանավորվել և քննարկել են անհրաժեշտ հարցերը։