ԱՄՆ-ը Եվրոպային կոչ է անում «արթնանալ երկարատև քնից», կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը և ամրապնդել անդրատլանտյան դաշինքը։ Այդ մասին Աթենքում, որտեղ այցով է գտնվում, Եվրոպային ուղղված ծրագրային ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք կարծում ենք, որ Եվրոպան կարող է արթնանալ իր երկարատև քնից։ Մայրցամաքում արդեն իսկ դրա նշանները կան։ Մենք ականատես ենք լինում այն բանին, ինչը, հուսով ենք, կդառնա սերնդային փոփոխության սկիզբ՝ պաշտպանության ոլորտի ծախսերի կտրուկ աճ, նոր գործընկերությունների և ծրագրերի ստեղծում, արդյունաբերական արտադրության ընդլայնում՝ ի կատարումն անցյալ տարի Հաագայում ստանձնած պատմական ռազմական պարտավորությունների»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն նշել է, որ չնայած երբեմն տարաձայնությունները լարվածություն են առաջացնում ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերություններում, դրանք չպետք է խզեն կապերը։
«Միասին մենք պետք է ամրապնդենք դաշինքը, որը կարող է դիմակայել մեր ժամանակների սպառնալիքներին։ Եվ մենք կարող ենք հասնել դրան, քանի որ չենք կարծում, որ անդրատլանտյան բարեկամությունը պետք է զրոյական գումարով խաղ լինի։ Ընդհակառակը»,- ասել է ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։