Կուտակված միջոցները չեն փոշիանա, բայց ծախսելու ձևը կորոշի կառավարությունը. ավարտվում է սոցփաթեթի ծրագիրը

Պետական աշխատողների սոցիալական փաթեթի ծրագիրը մոտենում է ավարտին։ 2027 թվականի հունվարի 1-ից այն վերջնականապես կդադարի գործելուց, իսկ առողջապահական բաղադրիչը կտեղափոխվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ: Ի՞նչ է լինելու հաշիվներին կուտակված 13 մլրդ դրամը, և ինչպե՞ս է փոխվելու պետական աշխատողների ապահովագրավճարների բեռը:

Ի՞նչ էր սոցիալական փաթեթի ծրագիրը։ Փաթեթով լուծվում էին պետական աշխատող շահառուների առողջապահական, կրթական, հանգստի խնդիրները։ Կառավարությունում ընդգծում են, որ տարիների ընթացքում ծրագրի տարբեր բաղադրիչների համար այլ լուծումներ են ներդրվել։ Օրինակ՝ 2026 թ․ հունվարի 1-ից ներդրվել է առողջության համընդհանուր ապահովագրության ինստիտուտը։ Ծրագիրը սոցիալական երաշխիք էր, որը պետական աշխատողին տվել էր  պետությունը։ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության աշխատանքային իրավունքի քաղաքականության վարչության պետ Լուսինե Հարությունյան․

«2027 թ․ հունվարի 1-ից սոցիալական աշխատանքային երաշխիքը փոխարինվում է առողջության  համընդհանուր ապահովագրության համակարգով»։

2027 թ․ հունվարի 1-ից կգործի կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ։ Պետական ծառայողները կվարձրատրվեն այդ համակարգով։ Վարձատրության նոր համակարգ է գործելու նաև կրթության ոլորտում՝ ատեսատվորումը։ Սոցիալական փաթեթի ծրագիրը դադարելու է բոլոր շահառուների համար։ Տարեկան շուրջ 130 հզր շահառու ուներ ծրագիրը։ Գործող կարգավորմամբ երեք դեպքում կարելի է կանխիկացնել նախատեսված գումարը։ Առաջին դեպքում  կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները կարող են նախորդ տարվա սոցիալական վճարից որոշակի գումար կանխիկացնել։ Երկրորդը՝ սոցփաթեթի շահառու կենսաթոշակառուները, որոնք ազատվել են աշխատանքից, և երեք ամիս մուտք չի եղել հաշվին, նույնպես կարող են գումարը կանխիկացնել։ Եվ ի վերջո, շահառուի մահվան դեպքում ժառանգները կարող են կանխիկացնել գումարը։ Մանրամասնում է նախարարության ներկայացուցիչը․

«Սոցփաթեթի գումարը, որ կուտակվել է հաշվին, չի կորելու։ Նրանք հնարավորություն կստանան դրանք ստանալու»։

Եթե շահառուն հաշվին ունի կուտակած 700 հզր դրամ, բայց, օրինակ, 2026 թ․ կուտակային ֆոնդին փոխանցել է 90 հզր դրամ, 2027թ․ արդեն 90 հզր դրամ կարող է կանխիկացնել։ Մնացած գումարը կմնա հաշվեհամարին։ Կառավարությունը դեռ կորոշի, թե ինչ ուղղությամբ կարող են ծախսել գումարները։ Ընդհանուր առմամբ՝ հաշվեհամարներին կուտակված է 13 մլրդ դրամ։  Այս պահին գումարը շահառուները կարող են ծախսել հանգստի, ատամնաբուժական ծառայությունների, ուսման վճարի և պետական սուբիսադավորմամբ կրթական վճարի մարման և հիպոթեկային վարկի մարման համար։ Եթե մինչև 2027 թ․ սոցփաթեթի գումարից շահառուները կարող էին վճարել առողջության ապահովագրության գումարը, ապա հաջորդ տարվանից արդեն 200 հզր դրամ և ավելի աշխատավարձ ստացողները ընդհանուր կարգով կվճարեն 10․800 դրամ։ Մանրամասնում է Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը․

 «Մինչև 200 հզր դրամ ստացողների համար 10․800 դրամի 8․800 դրամը պետական աշխատողների համար բյուջեից վճարում կլինի»։

Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանն ընդգծում է՝ 2027 թ․ բոլոր աշխատող քաղաքացիները կներառվեն առողջության ապահովագրության համակարգ։ Սա նաև սոցփաթեթի շահառուներին է վերաբերում․

«Այս պահին հետևյալ մոդելն է․ ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների  ապահովագրավճարը գործատուի, պետության, աշխատողի մասնակցությամբ է։ Աշխատող քաղաքացու բեռը փոքր էր։ Նպատակը այն է, որ կարողանա այդ ծախսի ու բեռի տակից դուրս գալ գոնե նախնական շրջանում։  Ուստի բեռը կիսում էին գործատուն և պետությունը, տվյալ դեպքում, քանի որ մենք խոսում ենք պետական աշխատողների մասին, ապա նրանց բեռը ամբողջությամբ ընկնելու է պետության վրա»։

Նախնական հաշվարկներով՝ մինչև 350 հզր քաղաքացի պետական ու մասնավոր հատվածում ստանում է մինչև 200 հզր դրամ աշխատավարձ։ Թիվը փոփոխական է, ավելանում է՝ ասում է Հայկ Բաբայանը։ Բացի այդ՝ քաղաքացիները կարող են իրենց ցանկությամբ ապահովագրել ընտանիքի մեկ չաշխատող անդամի։

«10․800 դրամ գումարը, որը սահմնաված էր, գործունակ է, հաշվարկները ճիշտ են։ Բարեբախտաբար, շոկային զարգացումներ չեն եղել, կամ փոքր են եղել»։

Եթե առողջապահական ծառայությունների գները բարձրանան, ապա օրենքը թույլ է տալիս ապահովագրավճարը ևս բարձրացնել՝ ասում է պաշտոնյան։ Գինը կբարձրանա՝ ըստ ծառայությունների ծածկույթի ընդլայնման։ Սոցփաթեթի շահառուները տարեկան մեկ անգամ պարտադիր անցնում էին բուժզննում։ Արդյո՞ք 2027-ին սա նույնպես պարտադիր պահանջ կլինի։ Պարզվում է՝ այս պահին՝ ոչ, բայց 2029-ին կդառնա պարտադիր։

Leave a Comment