Ամերիկայի Թենեսի նահանգի իշխանությունները մտադիր են վերանայելու մահապատժի իրականացման կարգը։ Պատճառը Քրիստա Փայքի մահապատժի ձախողված փորձն է։ Մասնագետները պատմությունն աննախադեպ են որակում 2 առումով․ նա ոչ միայն վերջին 200 տարվա ընթացքում մահապատժի դատապարտված առաջին կինն է, այլ նաև առաջին դատապարտյալը, որի մահապատիժն իրականացնել չի հաջողվել։
Անազատության մեջ 31 տարի անցկացրած կինը մահապատժի սենյակից դուրս է եկել շտապօգնության մեքենայով՝ երկու անգամ մահացու ներարկում ստանալուց հետո։ Ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում, ինչու է ձախողվել ընթացակարգը, և ինչ է լինելու հետո։
Մահապատժի սենյակում սովորաբար ամեն ինչ հաշվարկված է մինչև վերջին րոպեն և նախապատրաստված մինչև վերջին մանրուքը։ Սեպտեմբերի 30-ին Թենեսիում, սակայն, այդ ընթացակարգը խախտվեց այնպես, որ մասնագետներն ամերիկյան մահապատիժների պատմության մեջ աննախադեպ են համարում։
50-ամյա Քրիստա Փայքը պետք է մահապատժի ենթարկվեր 1995 թվականին 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության համար, որ նա կատարել էր առանձնակի դաժանությամբ։ Սակայն նույնիսկ մահապատժի օրը նրա գործով դատական վեճը դեռ շարունակվում էր։ Դաշնային վերաքննիչ դատարանը ժամանակավորապես կասեցրել էր մահապատժի կատարումը այն հիմնավորմամբ, որ պատշաճ չեն քննվել Փայքի հոգեկան առողջությանը և մանկության տարիներին սեռական բռնության ենթարկվելուն առնչվող հանգամանքները։
ԱՄՆ գերագույն դատարանը, սակայն, մահապատժից մի քանի ժամ առաջ վերացրել էր այդ կասեցումը, ինչը նշանակում էր, որ մահապատիժը պետք է ի կատար ածվեր։
Թենեսիի օրենսդրությամբ՝ լրագրողները, որոշ սահմանափակումներով, կարող են հետևել գործընթացին։ Նրանց ներկայությունը օրենքով նախատեսված վերահսկողության մեխանիզմ է։ Քրիստա Փայքի մահապատժին մեդիայի յոթ ներկայացուցիչ է հետևել։
WPLN News-ի լրագրող Քեթրին Սուինիի խոսքով՝ լրագրողները ժամեր շարունակ սպասել են՝ չիմանալով, թե ինչ է տեղի ունենալու։
«Մենք այնտեղ անցկացրինք 13 ժամ։ Այդ ընթացքում Գերագույն դատարանը քննարկում էր՝ կասեցնի մահապատիժը, թե ոչ։ Սակայն երեկոյան ժամը 6-ի սահմաններում տեղեկացանք, որ ներկա ենք լինելու մահապատժին»։
Մահապատժի սենյակից լրագրողներին բաժանում էր ընդամենը մեկ պատուհան, որը պարբերաբար փակվում էր վարագույրով։ Նրանցից Դեմոն Լոուրենսը պատմում է․ «Պատուհանը վարագույրով էր ծածկված, որպեսզի չտեսնենք, թե ինչպես են բուժաշխատողները տեղադրում ներերակային համակարգը։ Սովորաբար դա 10-15 րոպե է տևում, սակայն այս դեպքում 45 րոպե պահանջվեց»։
Ներարկումից հետո վարագույրը բացվել է։ Սուինիի խոսքով՝ այն, ինչ տեսել են լրագրողները, արդեն չէր համապատասխանում մահապատժի սենյակում սպասվող պատկերին։
Քիմ Չենդլեր․ «Նա իսկապես աշխույժ էր, խոսում էր ու երգում, մինչդեռ պետք է թմրած տեսք ունենար։ Վարագույրը փակեցին։ Սովորաբար հենց այդ պահին է բժիշկը դուրս գալիս ու արձանագրում մահը, բայց նա դա չարեց։ Ուստի նրանք կրկին փորձեցին։ Բացեցին վարագույրը և ամեն ինչ կրկնեցին»։
Ընթացակարգը նման իրավիճակում թույլ է տալիս մահացու դեղի երկրորդ չափաբաժին կիրառել, ինչը ևս արվել է, բայց մասնագետներին փակուղու առջև կանգնեցրել։ Օրենսդրությունը որևէ կերպ չի սահմանում, թե ինչ պետք է արվի ձախողված երկրորդ փորձից հետո։
Լրագրողները պատմում են, որ անորոշ իրավիճակը մի քանի ժամ է տևել։
Ջոն Նորթ. «Երկու ժամ տևած անորոշությունից հետո բանտապետը բարձրախոսով հայտարարեց, որ պետք է հեռանանք։ Այդ ընթացքում շտապօգնության մեքենաներ եկան նրան տանելու, ինչից ենթադրեցինք, որ նա դեռ ողջ է»։
Փաստաբանների փոխանցմամբ՝ Փայքի ձեռքերն այտուցված էին, նրան արհեստական շնչառության սարք էր միացված։ Նրանց խոսքով՝ բժշկական թիմը դժվարացել է ներարկման հարցում։ Կատարվածի վերաբերյալ բացատրություն պահանջվեց նաև նահանգի իշխանություններից։ Թենեսիի նահանգապետ Բիլ Լին հայտարարեց՝ տեղի ունեցածը պետք է հանգամանորեն հետաքննվի։
«Տեղի ունեցածը խորապես մտահոգիչ է։ Մենք պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել և ինչու։ Այդ պատճառով կարգադրել եմ անկախ ուսումնասիրություն անցկացնել։ Մինչև այդ 2026 թվականի մնացած մահապատիժները կասեցվում են»։
Եթե մահապատիժը կատարվեր, Փայքը կդառնար Թենեսիում վերջին երկու հարյուր տարվա ընթացքում մահապատժի ենթարկված առաջին կինը։ ԱՄՆ-ում 1976-ից ի վեր մահապատժի է ենթարկվել 18 կին։ Այս պատժատեսակը օրենսդրորեն պահպանվում է 50 նահանգներից կեսից ավելիում։
Քրիստա Փայքի պատմության մյուս կողմում 31 տարվա սպասումն էր։ Դաժանորեն սպանված Քոլին Սլեմերի մայրն ասում է՝ երեք տասնամյակ սպասել է դատավճռի կատարմանը․
«Դժվար է։ Ես արցունքներից խեղդվում էի։ Նա պառկած էր սեղանին, խոսում էր, դեռ ծիծաղում էր, գլուխը բարձրացնում էր։ Ես 31 տարի սպասել եմ, որ սա տեղի ունենա։ Ես պարզապես արդարություն էի ուզում»։
Մասնագետների գնահատմամբ՝ Քրիստա Փայքի պատմությունը ոչ միայն ձախողված մահապատժի դեպք է, այլև իրավիճակ, որի համար ամերիկյան օրենսդրությունը հստակ պատասխաններ չունի։
Ի դեպ, նահանգի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են վերանայելու մահապատժի կատարման կարգը։