Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին նախագահ Ավգուստ Հաննինգը ձերբակալվել է լրտեսության և պետական դավաճանության փորձի կասկածանքով։ 80-ամյա Հաննինգի հետ ձերբակալվել է նաև նրա աշխատակազմի նախկին ղեկավար Մանֆրեդ Դ.-ն, որը հետախուզության ծառայությունում աշխատել է մինչև այս գարուն։ Հոկտեմբերի 7-ին Դաշնային գերագույն դատարանը կորոշի նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հարցը։
Հաննինգը կասկածվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հավաքագրման (լրտեսության), պետական դավաճանության փորձի և օտարերկրյա հետախուզության օգտին գործելու մեջ։ Գերմանական լրատվամիջոցներն այս գործը գնահատում են որպես հետպատերազմյան շրջանի ամենածանր լրտեսական սկանդալը․ երբ կասկածյալը ոչ թե շարքային աշխատակից է, այլ հենց Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարը։
— Տիկին Հոֆման, շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար: Խնդրում եմ Ձեր գնահատականը. հնարավո՞ր է Հաննինգի գործը կապել Ադրբեջանի ազդեցության մեխանիզմների հետ, որոնք տարիներ ի վեր նկարագրվում են «խավիարային դիվանագիտություն» հասկացությամբ:
— Անպայման: Երբ ես լսեցի, որ կապ կա Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավարի և օտարերկրյա ծառայությունների միջև, հարց տվեցի ինձ, թե որ երկրի ծառայությունը կարող է լինել։ Սովորաբար, այստեղ միշտ առաջինը Ռուսաստանն են ենթադրում։ Իսկ այս առավոտ կարդացի՝ «Ադրբեջան»: Եվ դա ինձ ամենևին չզարմացրեց, որովհետև մենք տարիներ շարունակ խնդիրներ ունենք քաղաքական գործիչների, դիվանագետների, Գերմանիայի և Եվրոպական խորհրդարանի կոռումպացված պատգամավորների հետ, որոնք, ինչպես Դուք եք ասում, «խավիարային դիվանագիտության» շրջանակում աշխատել են Ադրբեջանի համար, քարոզչություն են արել կամ էլ, ինչպես այս վերջին դեպքում, լրտեսել են և տեղեկություններ փոխանցել: Այնուամենայնիվ, սա շատ բարձրաստիճան պաշտոնյայի դեպք է՝ գերմանական երեք հետախուզական ծառայություններից մեկի ղեկավարը:
— Այո, «Spiegel»-ը գրել էր, որ այս ամենը կապ ունի Ադրբեջանի հետ: Փաստացի, Գերմանիայում այժմ փորձում են պարզել ոչ միայն այն, թե որքան գաղտնի տեղեկատվություն է դուրս եկել, այլև՝ ովքեր են եղել այդ տեղեկատվության հնարավոր ստացողները և ինչ նպատակով։ Կուզեի հարցնել. որտե՞ղ է ավարտվում «խավիարային դիվանագիտությունը» և դառնում լրտեսություն։
— «Խավիարային դիվանագիտությունն» իրականում մի փոքր այլ բան է: Դա այն է, երբ քաղաքական գործիչները կամ պատգամավորները (ինչպես անցյալում բազմիցս ականատես ենք եղել) կողմ են բռնում Ադրբեջանին, քվեարկում են քաղաքական քվեարկությունների ժամանակ կամ լոբբինգ են անում Ադրբեջանի օգտին: Իսկ այս դեպքում խոսքը, ըստ երևույթին, խիստ մեծաքանակ հետախուզական փաստաթղթերի փոխանցման և Ադրբեջանի հետ հետախուզական համագործակցության մասին է: Եվ սա որակապես նոր մակարդակ է:
— Ի՞նչ արժեք կարող էր ունենալ հետախուզության նախկին ղեկավարի փոխանցած գաղտնի տեղեկատվությունը Ադրբեջանի համար:
— Դա կարող է ամեն ինչ էլ լինել: Այն, ինչ երեկ լսեցի ռադիոլուրերով, շատ մեծաքանակ փաստաթղթերի փոխանցումն էր…
— Մոտ 2000 փաստաթղթի:
— Ճիշտ է: Եվ դա կարող է վերաբերել կոնկրետ անձանց, ասենք՝ անցանկալի անձանց, նաև նրանց, ովքեր քննադատաբար են արտահայտվում Ադրբեջանի հասցեին (օրինակ՝ ինձ նման մարդկանց, այո), ովքեր ուշադրություն են գրավել, որովհետև հակասում են ադրբեջանական պնդումներին: Դա կարող է լինել նաև տնտեսա-քաղաքական կամ այլ քաղաքական տեղեկատվություն: Դեռ մանրամասն չգիտենք:
— Կարո՞ղ էր դա կապ ունենալ նաև Հայաստանի հետ:
— Անշուշտ:
— Հատկապես ի՞նչ առումով:
— Հայաստանը Ադրբեջանի համար շատ կարևոր թեմաներից մեկն է, և մենք մշտապես տեսնում ենք, թե որքան ջղաձգորեն է Ադրբեջանը արձագանքում հայկական մեղադրանքներին կամ հայտարարություններին: Այնպես որ, լիովին համոզված եմ, որ այստեղ հայկական գործոնը նույնպես դեր է խաղում:
— Թերևս կարող է կապված լինել նաև 44-օրյա պատերազմի՞ հետ, եթե դիտարկում ենք ժամանակահատվածը:
— Այո: Բայց տեսեք, գնահատելու համար, թե 2000 հատկապես ո՞ր փաստաթղթերն են արտահոսել դեպի Ադրբեջան, պետք է մի փոքր սպասել և տեսնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Այն, ինչ ես հիմա ասացի, առաջին պահի ենթադրություններ են: Բայց եթե պատկերացնենք ադրբեջանական հեռանկարից, թե ինչը կարող էր հետաքրքիր լինել ադրբեջանական հատուկ ծառայությունների համար, ապա դա հենց այն է, ինչ ես թվարկեցի:
— Եթե Ադրբեջանի հետ կապը հաստատվի, կարո՞ղ է սա խոսել «խավիարային դիվանագիտության» նոր գործիքակազմի կամ նոր դրսևորման մասին՝ քաղաքականից անցում դեպի ազդեցություն անվտանգության և հետախուզության ոլորտում:
— Ամեն դեպքում: Ինչպես ասացի, սա նոր չափում է: Սա շատ ավելին է, քան պարզապես կողմ բռնելը կամ Ադրբեջանի օգտին հայտարարություններ անելը:
— Իսկ շուրջ 2000 գաղտնի փաստաթղթերի հետ կապված այս պատմությունը մե՞կ անձի հանցավոր արարք է, թե՞ մատնանշում է գերմանական հետախուզական համակարգի ավելի խորը խոցելիությունը:
— Սա մատնանշում է շատ, շատ խորը խոցելիություն, ինչպես նաև կոռուպցիոն հակվածություն, որը մենք արդեն նկատել էինք «խավիարային դիվանագիտության» ժամանակ: Ինչ վերաբերում է դրան, ես չեմ կարծում, թե հետախուզության նախկին ղեկավարը դա արած լինի Ադրբեջանի հանդեպ մեծ սիրուց դրդված:
— Տիկին Հոֆման, շնորհակալ եմ հարցազրույցի և ուշագրավ դիտարկումների համար։