Նրան շատ-շատերն են հիշում թե՛ Դրամատիկական թատրոնի բեմից, թե՛ ռադիոեթերից և, իհարկե, 1982 թվականին նկարահանված բուլղարախորհրդային մի հեռուստասերիալի շնորհիվ, որ պատմում էր Պագանինիի մասին: Խոսքը, իհարկե, Վլադիմիր Մսրյանի մասին է:
Նրա ծնողները՝ Հովհաննեսն ու Արաքսյան, թատրոնի երախտավորներ էին: Նրանք ապրում էին Հյուսիսային Կովկասի Վլադիկավկազ քաղաքում, որտեղ էլ ծնվել էր Վլադիմիրը: Հայրը ծագումով կարսեցի էր, որի նախնիներն այս կողմերում հայտնվել էին դեռևս 19-րդ դարի սկզբին: Հետագայում Մսրյանները տեղափոխվում են Հայաստան և իրենց թատերական նվիրումով զարգացնում Լոռվա բեմարվեստը: Ալավերդիում հիմնում են թատրոն, որտեղ բեմ են բարձրանում նաև նրանց դպրոցահասակ զավակները՝ Վլադիմիրն ու Ժասմենան:
Հետո արդեն Մսրյանների թատերական գործունեությունը ծավալվում է Վանաձորում (այն ժամանակ՝ Կիրովական): Արաքսյան քաղաքի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհին էր, իսկ Հովհաննեսը՝ բեմադրիչն ու դերասանը: Երկուսն էլ Հայաստանի վաստակավոր արտիստներ էին: Մի անգամ, երբ Վահրամ Փափազյանը հյուրախաղերով Լոռիում էր, Ալավերդիում հյուրընկալվում է Մսրյանների հարկի տակ: Նայելով պատանի Վլադիմիրի ափին՝ նա նրան դերասանական փայլուն ապագա է կանխագուշակում: Ինչպես տեսնում ենք, Վահրամ Փափազյանը միանգամայն ճիշտ էր:
Վլադիմիր Մսրյանը, թեպետ մի պահ մտածել էր Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ ընդունվելու մասին, այնուհանդերձ ընտրում է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը: Այստեղ նա աշակերտում է Արմեն Գուլակյանին, իր բեմական պրոֆեսիոնալ ճանապարհը սկսում Պատանի հանդիսատեսի, ապա՝ Ռուսական թատրոնի բեմերում և, ի վերջո, գալիս Հրաչյա Ղափլանյանի հիմնած Դրամատիկական թատրոն, որտեղ ամենայն ուժգնությամբ շողում է նրա թատերական աստղը:
Շուրջ 50 տարի բեմում՝ Համլետից մինչև Հերոստրատ, Վոյնիցկիից մինչև Միհրդատ Պոնտացի և այլ դերեր, ինչպես նաև տասնյակ մասնակցություններ ռադիոբեմականացումներում: Վլադիմիր Մսրյանը՝ Երևանի Դրամատիկական թատրոնի ակունքներում կանգնած դերասանական սերնդի վերջին մոհիկաններից մեկը, մեզնից հեռացավ 2010 թվականին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: