ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը։
Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին պահանջ է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից (Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսնուց) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու 3 անշարժ գույք։ Դրանցից երկուսը գտնվում են Երևանում, մեկը՝ Կոտայքի մարզում։
Դատախազությունը պահանջել է բռնագանձել նաև մեկ տրանսպորտային միջոց և երկու իրավաբանական անձում մասնակցություն։
Բացի այդ, ներկայացված պահանջով նախատեսվում է բռնագանձել 211 միլիոն 795 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։
Եվս 236 միլիոն 633 հազար դրամ պահանջվում է բռնագանձել որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող և ապօրինի ծագում ունեցող գումար, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել ու բռնագանձել։