2022 թվականից ի վեր բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվել է մահվան 230 դեպք. Ctrl Z Infocom հաղորդմանը Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ժամանակ արձանագրել է հաղորդավարը և ավելացրել՝ արդյո՞ք դրա համար պատասխանատվություն են կրում բարձրաստիճան պաշտոնյաներն ու Պաշտպանության նախարարությունը։
Փաշինյանը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում բանակում ինքնասպանությունների և ինքնասպանության հասցնելու դեպքերի համար՝ նշելով, որ պատասխանատվությունը կրում է նաև ամբողջ կառավարությունը, այդ թվում՝ պաշտպանության նախարարը։
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ մտահոգված է ինքնասպանությունների թվի աճով։ Պատասխանելով այն հարցին՝ արդյոք բանակում այս տարի գրանցված ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 12 դեպքերը մտահոգություն են առաջացնում, Փաշինյանն ասել է. «Իհարկե առաջացնում են։ Մենք ենք դրա պատասխանատուն։ Ես դրա համար պատասխանատվություն եմ կրում»։
Փաշինյանը մերժել է այն տրամաբանությունը, ըստ որի՝ նման դեպքերի պատճառով պաշտպանության նախարարը պետք է ինքնաբերաբար հրաժարական տա։ Ի պատասխան Ղազախստանի օրինակի, որտեղ պաշտպանության նախարարը հրաժարական է տվել եղանակային պայմանների պատճառով 14 զինծառայողի զոհվելուց հետո, նա հայտարարել է, որ այդ դեպքում Հայաստանն ընդհանրապես չպետք է պաշտպանության նախարար ունենար։
«Մենք Հայաստանում ընդհանրապես չպետք է պաշտպանության նախարար ունենանք։ Մենք չպետք է ունենանք պաշտպանության նախարար և պաշտպանության նախարարությունում աշխատողներ»,- ասել է նա։
Փաշինյանը միաժամանակ զինծառայողների ինքնասպանությունների մի մասը կապել է բանակի ներսում առկա հոգեբանական ճնշման հետ։ Ըստ նրա՝ ինքնասպանության հասցնելու որոշ դեպքեր կարող են կապված լինել այն բանի հետ, որ զինվորները քնում են մարտական հերթապահության ժամանակ։
«Բանակում քնելու փաստը քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ և, հնարավոր է՝ նախկինում գոյություն ունեցած անվտանգության տրամաբանությամբ համարվում է այսպես կոչված մահացու մեղք, և այդ զինվորը արժանանում է համընդհանուր բանադրանքի և հոգեբանական ճնշումներ են գործադրվում, և դրա արդյունքում ինքնասպանություն են գործում որոշ զինվորներ:
Նախկինում, երբ լարվածություն կար, զինվորն ինքը լրացուցիչ մոտիվացիա ուներ մարտական դիրքում չքնելու, որովհետև մտածում էր, որ քնի կարող է գան և իրեն սպանեն, հիմա, քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան պակասել է»,- ասել է նա։