Երևանում առաջին անգամ անցկացվել է Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը, որի նպատակը երկկողմ գործակցության շրջանակն ու ներդրումային կապերն ընդլայնելն է։ Կազմակերպիչը Հայաստանի՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբն է՝ Հայաստանի կառավարության, Enterprise Armenia-ի և Հայ–բրիտանական առևտրային պալատի գործակցությամբ։ Համաժողովը համախմբել է Հայաստանի և Միացյալ Թագավորության գործարար, պետական կառավարման, ֆինանսական, կրթական և տեխնոլոգիական ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։
Տնտեսական գործակցությունը զարգացնելու ի՞նչ պոտենցիալ ունեն Հայաստանն ու Միացյալ թագավորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հարցն արդիական է ռազմավարական գործընկերության հաստատման հուշագիրն այս տարվա մայիսին ստորագրելուց հետո։ Խնդիրն ընդունված փաստաթղթին իրական բովանդակություն հաղորդելն է՝ ասում է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Միացյալ Թագավորության համար ճիշտ պահն է՝ քննարկելու, թե հարաբերությունները զարգացնելու ինչ հնարավորություններ կան․ «Առավել հաջող են այն երկրները, որոնց տնտեսական աճը շարունակական է և հետևողական։ Նախորդ հինգ տարիներին պլանավորել էինք ՀՀ-ում միջինում 7 % տնտեսական աճ ապահովել և փաստորեն ապահովել ենք միջինը 7,9 %. տնտեսական աճ։ Այսինքն՝ ամեն 7,9 % -ն արդեն իսկ ավելացել է նախորդ տարվա 7,9 %-ի վրա»։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2025 թ. ՀՀ համախառն ներքին արդյունքը 2018–ի համեմատ աճել է շուրջ 53 %-ով, եթե հաշվի առնվի նաև համավարակի անկումային տարին։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում կառավարությունը մտադիր է տարեկան 6 % տնտեսական աճ ապահովելու՝ ասում է Փաշինյանը և նկատում, որ ռազմավարական ուղղություններից մեկն էլ վերականգնվող էներգետիկայի ոլորտն է։

Հայաստանի՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի խորհրդի նախագահ և հիմնադիր խորհրդի անդամ Ալեքսանդր Շաղիկյանն ընդգծում է՝ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը միասին կարող են ավելիին հասնել․
Ձայն 2 «Միացյալ Թագավորությունը ֆինանսական ոլորտում խորը փորձառություն ունի, համաշխարհային մակարդակի համալսարաններ ու գիտահետազոտական ներուժ, ինչպես նաև միջազգային ընդգրկում ունեցող բիզնեսներ։ Հայաստանն իր հերթին բերում է ձեռնարկատիրական եռանդ, տեխնիկական ստեղծագործական մոտեցում և սփյուռք»։
Համաժողովի կազմակերպիչները համոզված են, որ անհրաժեշտ է կենտրոնանալ այն ուղղությունների վրա, որոնցում գործակցությունը կարող է երկարաժամկետ արժեք ստեղծել՝ կապիտալ, նորարարություն, ենթակառուցվածքներ։
Համաժողովը մեկ հարթակում միավորել է շուրջ 2․000 մասնակցի։ Նրանց շարքում են 100-ից ավելի պատվիրակներ Միացյալ Թագավորությունից, ավելի քան 25 բանախոսներ ֆինանսների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներից։
Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն ընդգծում է՝ դահլիճում իսկապես բացառիկ փորձառություն է կենտրոնացած։

Ալեքսանդրա Քոուլ. «Մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։ Պարոն վարչապետ, Դուք օգնեցիք ավելի հավակնոտ ուղղություն նախանշելու տնտեսական հարաբերությունների համար։ Այսօր խնդիրն այդ հավակնությունները գործնական դաշտ բերելն է։ Մենք արդեն իսկ դրական ընթացք ունենք. բրիտանական փորձն իր ներդրումն է ունենում Հայաստանի ամենահավակնոտ նախագծերից մի քանիսի մեջ»։
Դեսպանը հիշեցնում է Foster and Partners-ի ներդրման մասին։ Բրիտանական հայտնի ընկերությունը Հայաստանում մասնակցում է քաղաքաշինական և ներդրումային երկու խոշոր նախագծի։ Խոսքը «ՀայՓոստ»-ի և ԱԳՆ նախկին շենքերի վերակառուցման մասին է։
Բոլոր նախագծերի համար ամենակարևորը ֆինանսական համակարգի կայունությունն է՝ ընդգծում են համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման մասնակիցները։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հիշեցնում է, որ քովիդի շրջանում դրամի ազատ լողացող փոխարժեքը ցնցումները մեղմող հիմնական գործիքն էր։ Համավարակին հաջորդեցին պատերազմը, ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ մարտահրավերները թվարկում է ԿԲ նախագահը․
Ձայն 4 «Մենք հիմնականում գիտակցում ենք, որ պետք է ֆինանսապես ամուր լինենք, ունենանք գործուն մեխանիզմներ և կարողանանք բարենպաստ ժամանակահատվածներում պահուստներ ստեղծել, ինչը երկարաժամկետ և դրական ազդեցություն կունենա ապագայի վրա։ Առաջիկա վեց տարիների համար մեր տեսլականն է՝ զարգացնել ֆինանսական ենթակառուցվածքներն ու խթանել նորարարությունները»։

Կառավարությունն այժմ ունի ավելի հստակ տեսլական՝ արձանագրում է ֆինանսների նախարարը։ Նրա խոսքով՝ գործադիրն այս փուլում ավելի լավ է պատկերացնում, թե ուր է գնում տնտեսությունը։ Մակրոտնտեսական կայունությունը, կարծում է, լավ միջավայր է ապահովում ներդրումների և ռազմավարական նախագծերի համար։