Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը։ Նախագծով նախատեսվում է երեխայի պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող և համապատասխան գործառույթներ իրականացնող անձանց համար ներդնել ուսուցման և վերապատրաստման միասնական համակարգ։ Աշխատանքի և բարեկեցության նախարարի հրամանով կհաստատվեն ոլորտում ուսուցման և վերապատրաստման մոդուլներն ու դրանց բովանդակությունը։
Ինչո՞ւ է անհրաժեշտ միասնական ուսուցում
Երեխայի պաշտպանության համակարգում իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ ուղղված երեխայի իրավունքների պաշտպանության, ընտանիքի ամրապնդման, երեխային ընտանիքից բաժանման կանխարգելման, այլընտրանքային խնամքի, դեպքի վարման, վերաինտեգրման և համայնքային ծառայությունների զարգացմանը։
Այս փոփոխությունների արդյունավետ կիրառման համար, ըստ նախագծի հիմնավորման, անհրաժեշտ է, որ ոլորտում ներգրավված մասնագետներն ունենան ոչ միայն համապատասխան տեսական գիտելիքներ, այլև գործնական և մասնագիտական հմտություններ։
Նախատեսվող ուսուցումը պետք է հիմնված լինի երեխայի իրավունքների, երեխայակենտրոն և ընտանիքակենտրոն մոտեցումների, խտրականության բացառման և երեխայի լավագույն շահի սկզբունքների վրա։
Ո՞ւմ է վերաբերում
Նոր համակարգը նախատեսված է երեխայի պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող և համապատասխան գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական կարողությունների զարգացման համար։
Առանձին դասընթացներ և վերապատրաստումներ նախատեսվում են նաև՝
- երեխա որդեգրել ցանկացող անձանց,
- խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց,
- խնամատար ծնողների համար։
Այս խմբերի համար ուսուցման բովանդակությունը պետք է համապատասխանեցվի նրանց դերերին և պատասխանատվությանը։
Ի՞նչ հմտություններ պետք է զարգացվեն
Նախագծով նախատեսվում է ուսուցման միջոցով զարգացնել, մասնավորապես՝
- երեխայի կարիքների և ռիսկերի գնահատման հմտությունները,
- դեպքի վարման կարողությունները,
- երեխայի անհատական ծրագրավորման հմտությունները,
- անհրաժեշտ ծառայությունների ուղղորդման կարողությունները,
- տարբեր կառույցների միջև համագործակցության հմտությունները,
- երեխայի պաշտպանության գործընթացների մշտադիտարկման և գնահատման կարողությունները։
Առանձին ուշադրություն է դարձվելու նաև երեխայի իրավունքների, երեխայի լավագույն շահի, երեխայի մասնակցության, խտրականության բացառման, ինչպես նաև երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման և դրան արձագանքելու վերաբերյալ գիտելիքներին։
Ինչ է փոխվելու մասնագիտական պատրաստվածության առումով
Նախագծի հեղինակները նշում են, որ ներկայում ևս իրականացվում են տարբեր դասընթացներ և վերապատրաստումներ, սակայն անհրաժեշտ է դրանց բովանդակությունը և ուսուցման արդյունքները կարգավորել միասնական մոտեցմամբ։
Դա, ըստ հիմնավորման, հնարավորություն կտա տարբեր կառույցներում և տարբեր մակարդակներում իրականացվող ուսուցումները դարձնել փոխկապակցված, շարունակական և որակապես համադրելի։
Այսինքն՝ նախատեսվում է ձևավորել երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման միասնական հիմք։
Ո՞ր ուղղություններին պետք է նպաստի նոր համակարգը
Նոր մոդուլների ներդրմամբ ակնկալվում է նաև նպաստել ընտանիքահեն և համայնքահեն ծառայությունների, կանխարգելման և այլընտրանքային խնամքի արդյունավետ իրականացմանը։
Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել երեխայի պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, հետևողականությունն ու արդյունավետությունը և ապահովել երեխայի իրավունքների ու պաշտպանության երաշխիքների գործնական իրականացումը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Հրամանի համաձայն՝ երեխայի պաշտպանության ոլորտում ուսուցման և վերապատրաստման մոդուլներն ու դրանց բովանդակությունը կհաստատվեն որպես հավելված։
Հրամանն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։